Նախկինների նման. քաղաքականացնել կրթական համակարգը, բայց ասել՝ «բուհը չզբաղվել պոլիտիկա»

ԵՊՀ. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ Որքան ավելի ու ավելի շատ են մեղադրում նախկիններին ներկա իշխանավորները, այնքան ավելի ու ավելի շատ են նմանվում այդ նույն նախկիններին։
Sputnik
Դրա ամենավառ վկայությունն է բուհերի քաղաքականացումը, որի մասին վերջերս խոսում են բոլորը։ Լրիվ համաձայն եմ, որ մի ժամանակ բոլորովին հասկանալի չէր, թե ինչու պիտի հանրապետության նախագահը կամ վարչապետը գլխավորի այսինչ բուհի ղեկավար խորհուրդը։
Բայց էդ դեպքում, ինչո՞ւ է նորմալ համարվում, եթե այժմ այդ նույն խորհրդի նախագահ է դառնում վարչապետի տեղակալը։ Այս հարցի շատ ճշգրիտ պատասխանը կարող եք գտնել, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» նախօրեին տպագրված մի հոդվածում. Հեղինակը պնդում է. «ռեժիմը վերահսկում է երկրի ռեսուրսների մեծ մասը և իր իշխանությունը տարածում գոյություն ունեցող պետական ու ոչ պետական ինստիտուտների վրա»։
Իսկ գիտե՞ք, թե ով է ժամանակին այսքան հակիրճ ու այսքան հասկանալի շարադրել բուհերը քաղաքականացնելու՝ մեր իշխանությունների ձգտումը։ Արմեն Գրիգորյանը։ Այո-այո՛, այն գործիչը, որը հիմա զբաղեցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ. նախարարությունը նոր նախագիծ է մշակել
Համաձայնե՛ք, մարդը շատ դիպուկ է նկատել. իշխանությունները պարզապես ամեն ինչ իրենց վերահսկողության տակ պահելու մոլուցքով են տառապում, իսկ դա ամենևին որևէ կապ չունի ո՛չ կրթության, ո՛չ էլ գիտության բնագավառների հետ։ Կրկին մեջբերեմ նույն հեղինակին. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «մի՛ քաղաքականացրեք», «մենք ապաքաղաքական ուժ ենք» արտահայտությունները ամենաքաղաքականացված հայտարարություններն են հանդիսանում»։ Ճիշտ է, հեղինակը նշում է, որ խոսքը ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների մասին է, բայց, երևի չեք ժխտի, նրա նկարագրածը շատ է նման մեր այսօրվա իրականությանը։
Ուսանողության ուժը աշխարհը լրիվ չափով զգաց ավելի քան կես դար առաջ՝ 1968 թվականի գարնանը։ Տարածված կարծիք կա, թե այդ երիտասարդական շարժումը զուտ ֆրանսիական էր և ծավալվել էր հիմնականում Փարիզի հնագույն համալսարանում՝ Սորբոնում։ Իրականում այդ նույն 68 թվականին փողոց էին դուրս եկել նաև ամերիկացի ուսանողները, որոնք բողոքում էին Վիետնամի պատերազմի, ռասիզմի ու գենդերային անհավասարության դեմ։
Այսինքն` թեև վաղուց է հայտնի, որ հանրության ամենախոցելի խավերը թոշակառուները և ուսանողներն են, փաստորեն, Ատլանտյան օվկիանոսի թե՛ այս, թե՛ այն կողմում տնտեսական պահանջներ գրեթե չէին հնչեցվում։ Գլխավոր կարգախոսները վերաբերում էին մարդու իրավունքներին։

Բայց ինչո՞ւ ենք զարմանում։ Չէ՞ որ նույն պատկերը կրկնվեց Հայաստանում ուղիղ 50 տարի հետո։ Մեր ուսանողները չէին պահանջում նվազեցնել ուսման վարձը, ինչը շատ ընտանիքների համար ծանր բեռ է, բայց մեծ պատրաստակամությամբ փակում էին Երևանի փողոցները, պարզելով «Մերժի՛ր Սերժին» պաստառը։

Շատ հայաստանցիներ, որոնց թվում նաև ես, մտավախություն ունեինք, որ այս անգամ էլ ամեն ինչ կավարտվի այնպես, ինչպես եղավ դրանից ուղիղ 10 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին։ Բայց այդպես չեղավ, ընդհակառակը՝ամեն ինչ շատ արագ կատարվեց, և նա, ում հրաժարականը պահանջում էին, վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելուց ընդամենը մեկ շաբաթ անց հեռացավ։ Սա հեղափոխականների համար մի նոր ապացույց էր՝ ուսանողությունը մեծ ուժ է։
Հիմա ասե՛ք խնդրեմ, այսքանը գիտակցելուց հետո արդյոք դուք հեշտությամբ կհրաժարվե՞ք իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կամ ոչ այնքան բարձրաստիճան, բայց այդ նույն իշխանությունների կամքը հլու հնազանդ կատարող պաշտոնյաների միջոցով բուհերը վերահսկելու երանելի հնարավորությունից։ Ախր, տեսել եք, չէ՞, որ բուհերի օգնությամբ կարելի է իշխանություն փոխել, նաև՝ ձե՛ր իշխանությունը։
Միայն Մայր բուհը չէ, որ ռեկտորի հետ կապված խնդիր ունի. Դումանյանը՝ կրթական ոլորտի մասին
Եվ ուրեմն, այնուամենայնիվ առնվազն մի հանգամանք մնում է խիստ անորոշ։ Իսկ արդյոք նրանք, ովքեր ամեն կերպ ցանկանում են պահպանել վերահսկողությունը բուհերի ղեկավար խորհուրդների հանդեպ, իսկապես անկեղծորեն հավատո՞ւմ են, թե կարող են իրենց կամքը թելադրել նաև ուսանողությանը։ Չէ՞ որ Ղարաբաղյան շարժման ժամանակ, անտեսելով ղեկավարության բոլոր սպառնալիքները, ուսանողները փախչում էին համալսարաններից և գիշերները նստում Օպերայի դիմացի աստիճաններին։ Հետո էլի բազմաթիվ առիթներ եղան, երբ բուհերի ղեկավարները կարգադրում էին պարզապես փակել դռները և ոչ մեկին դուրս չթողնել։ Մանկապարտեզ…
Եվ ուզում ես հարցնել իշխանություններին՝ այսքանից հետո մի՞թե ծանր պահին դուք կարող եք հույս դնել բուհերի կառավարման քաղաքականացված խորհուրդների վրա։ Միգուցե վերջապես հրաժարվե՞ք այդ ճիգերից և կրթությամբ ու գիտությա՞մբ զբաղվեք։ Համենայնդեպս, մեր հասարակությանը դա հաստատ շատ ավելի մեծ օգուտ կտա։