ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է կառավարության ղեկավարի նստավայրի վրա հարձակումն ու առաջարկել է Բաղդադին իր օգնությունը միջադեպի հետաքննության հարցում:
Բաղդադում լույս կիրակի գիշերը մահափորձ է կատարվել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմիի դեմ ականապատ անօդաչու թռչող սարքի օգնությամբ։ Տեղեկությունը հաղորդում է Arab News-ը: Ավելի ուշ երկրի կառավարության ղեկավարը Twitter-ում հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, նա չի տուժել:
«Ես կարգին եմ, փառք Աստծո, ու իմ ժողովրդի հետ, կոչ եմ անում բոլորին հանդարտության ու զսպվածության դրսևորել՝ հանուն Իրաքի», - Twitter-ում գրել է Ալ Կազիմին:
Նրա խոսքով՝ անվտանգության ուժերը լի են մարդկանց անվտանգությունն ապահովելու ու երկրում կարգուկանոն հաստատելու վճռականությամբ:
ԱՄՆ պետդեպարտամենտն արեն դատապարտել է կառավարության ղեկավարի վրա գործած հարձակումը։ Վաշինգտոնն առաջարկել է Բաղդադին իր օգնությունը միջադեպի հետաքննության համար, ինչպես նաև իր աջակցությունն է հայտնել Իրաքի կառավարությանն ու ժողովրդին:
Նախապես նշվում էր, որ հարձակման հետևանքով վարչապետն ու անվտանգության ուժերի մի քանի աշխատակիցներ տուժել են: Սակայն ավելի ուշ կառավարության ղեկավարի վիրավորվելու մասին տեղեկությունը հերքվեց։ Մինչդեռ ահաբեկչության հետևանքով վիրավորների թվի մասին տվյալները մինչ հիմա տարբեր են (3-10):
Առայժմ ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Նշենք, որ Իրաքի վարչապետի նստավայրը գտնվում է Բաղդադի Կանաչ գոտու շրջանում։ Այնտեղ են գտնվում նաև այլ կառավարական շենքեր և օտարերկրյա դեսպանատներ։