ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ժենյա Ներսիսյանի մահվան կապակցությամբ

Նիկոլ փաշինյանը շեշտել է, որ անգնահատելի է Ժենյա Ներսիսյանի ներդրումը հայ թատրոնի կայացման ու զարգացման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։
Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը
«Խոր վշտով տեղեկացա ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի մահվան մասին։ Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների բացառիկ դերասանուհիներից մեկին, ով իր կերտած կերպարներով հայ թատրոնի լավագույն ներկայացուցիչներից էր»,–ասել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ տաղանդավոր արտիստը ելույթ է ունեցել ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում՝ բեմադրելով բազմաթիվ ներկայացումներ, դասավանդելով հայ գրականություն ու բեմարվեստ:

«Անգնահատելի է տիկին Ներսիսյանի ներդրումը հայ թատրոնի կայացման ու զարգացման գործում, նրա բեղմնավոր գործունեությունն իր ուրույն տեղը կզբաղեցնի հայ թատերարվեստի հարուստ ժառանգության մեջ: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում տիկին Ներսիսյանի ընտանիքին, գործընկերներին, երկրպագուներին և կիսում կորստյան վիշտը»,–ասել է Փաշինյանը։

Նշենք, որ այսօր 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։