Ե՞րբ կբարձրանա նվազագույն աշխատավարձը Հայաստանում

Նարեկ Մկրտչյան
Նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ է, նվազագույն զամբյուղը` 75 000. ԱԺ–ն շարունակում է քննարկել բյուջեն
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանում նվազագույն աշխատավարձն այսօր շատ ավելի ցածր է, քան նվազագույն սպառողական զամբյուղի չափը։ Այսօր ԱԺ–ում 2022թ–ի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թադևոս Ավետիսյանը։
«68 000 դրամ նվազագույն աշխատավարձ և արդեն հունիսի դրությամբ 70 000 դրամ`1 անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեք։ Գնաճը շարունակվում է։ Իմ գնահատմամբ` հիմա արդեն 75 000 է այդ զամբյուղը, իսկ հաջորդ տարի ձեր իսկ դրած 5.2-5.6 տոկոս գնաճի ցուցանիշով կմոտենա 80 000 դրամի»,– ասաց Ավետիսյանը` արձանագրելով, որ նվազագույն աշխատավարձի բարձրացում հաջորդ տարվա բյուջեով չի նախատեսվում, թեև իր համոզմամբ` դա այսօր արդեն անհրաժեշտություն է։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հաստատեց` նվազագույն աշխատավարձի բարձրացում հաջորդ տարի չի նախատեսվում, բայց բարձրացում է նախատեսված կառավարության 5-ամյա ծրագրով։

«Եվ մենք մինչև 2026թ–ը փորձելու ենք ամեն ինչ անել, որ հասնենք կառավարության ծրագրում դրված բոլոր ցուցանիշներին»,– ասաց Մկրտչյանը։

Հիշեցնենք` Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն` այս տարի Հայաստանում գրանցվող բարձր գնաճը կշարունակվի մինչև տարեվերջ: 2022 թվականի սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու կհասնի 4%-ի:
Այս կանխատեսումն է դրված նաև կառավարության` սեպտեմբերի 30-ի նիստում հավանության արժանացած 2022թ–ի բյուջեի նախագծի հիմքում։
Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն` 2021թ.–ի սեպտեմբերին 2020թ.–ի սեպտեմբերի համեմատ Հայաստանում միայն պարենային ապրանքների գներն աճել 15.4% –ով։
Աղքատության մակարդակը Հայաստանում աճել է 7 տոկոսային կետով. ի՞նչ է անում կառավարությունը