ՌԱԴԻՈ

Խաղից դուրս վիճակ. ինչո՞վ է հետաքրքիր ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հայաստանյան այցը

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հայաստանյան այցին։
Sputnik
Էրիկա Օլսոնի հայաստանյան այցն ունի ճանաչողական բնույթ, մանավանդ` եթե հաշվի առնենք, որ վերջին երկու տարիների ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված` նման այցեր տեղի չէին ունենում։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա տեղեկացմամբ` ԱՄՆ–ի կառավարությունն ունի ավանդույթ, որի համաձայն` պարբերաբար հանդիպում են իրենց տարածաշրջանային դեսպանների հետ և քննարկում ընդհանուր անելիքները, հետևաբար, այս համատեքստում կարևոր է հաշվի առնել, որ հարավկովկասյան ուղղության պատասխանատուն ժամանել է մեր տարածաշրջան, որպեսզի տեղում հանդիպի Միացյալ Նահանգների տարածաշրջանային դեսպանների հետ։

«Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ԱՄՆ–ն որոշակիորեն դուրս է մնացել տարածաշրջանային գործընթացներից։ Թրամփի պաշտոնավարման ընթացքում այդ երկիրը Մինսկի խմբի համանախագահների շարքում ամենաակտիվներից չէր, բայց Օլսոնի հայաստանյան այցը հետաքրքիր է այն առումով, որ դրան մասնակցում է նաև Էնդրու Շոֆերը` Մինսկի խմբի ամերիկյան ներկայացուցիչը, ինչը պետք է դիտարկել Միացյալ Նահանգների քայլերն ակտիվացնելու տրամաբանության մեջ»,– ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։

Սարգսյանի դիտարկմամբ` այդուհանդերձ տեղին չէ այն տեսակետը, թե ԱՄՆ–ն արցախյան 44-օրյա պատերազմից հետո ընդհանրապես կորցրել է իր տեղը հարավկովկասյան գործընթացներում, որովհետև տարածաշրջանում կան նախաձեռնություններ, որոնք ենթադրում են փոխկապակցված համագործակցություն։
Ըստ նրա` թեև Վաշինգտոնը դեմ չէ առանց իր մասնակցության «3+3» ձևաչափի ստեղծմանը, բայցևայնպես, այդ հարթակում ներգրավվածության բացակայությունը կարող է խնդրահարույց լինել առանց Միացյալ Նահանգների ու Եվրամիության։
«Բազմիցս ասել եմ, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմն ավելի ակտիվ է լինելու Հարավային Կովկասում ու թեև նրա համար մեր տարածաշրջանը ռազմավարական, կենսական նշանակության տիրույթ չէ, այդուհանդերձ, կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջան է` հաշվի առնելով հատկապես Իրանի ակտիվությունը վերջին շրջանում և իրանական զինուժի տեղաշարժերը Նախիջևանի ու Ադրբեջանի հետ սահմանային գոտիներում»,– նշեց քաղաքագետը։
Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները Հայաստան են եկել
Սարգսյանի խոսքով` մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների ամենահուսալի գործընկերն այժմ դարձել է Վրաստանը, Թուրքիան նույնպես ունի կարևոր նշանակություն, թեև այդ երկրների միջև առաջացել են լրջագույն խնդիրներ և այստեղ ընդհանրություններից զատ առկա է նաև շահերի բախում։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա խոսքն, ըստ Սարգսյանի, ոչ այնքան նրա հետ երկկողմ հարաբերությունների, որքան տարածաշրջանային գլոբալ գործընթացների մասին է, որոնցում մեր երկիրն ունի իր տեղը։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնն այսօր Հայաստանում էր։
Նա այցելելու է նաև Վրաստան և Ադրբեջան՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։
Մեծացնել Արցախի միջազգային մասնակցությունը. Բեգլարյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ
Երևանում գտնվելու ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումներից զատ նոյեմբերի 2-4-ը կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։