Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունն ու Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն այսօր Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կոալիցիոն հուշագիր են ստորագրել ։ Տեղեկությունը հայտնում է «Հանրապետություն» կուսակցության կողմից Մեղրի համայնքում ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարած Բագրատ Զաքարյանը։ Նա տեսանյութ է հրապարկել Facebook-ում, որում երևում է, թե ինչպես են ստորագրում հուշագիրը։
Հուշագրով նախատեսվում է համայնքային իշխանությունը բաժանել միմյանց միջև․ 5 տարվա առաջին կեսը` 2.5 տարին, կպաշտոնավարի «Հանրապետություն» կուսակցությունը, մյուս 2.5 տարին՝ «Ազատական» կուսակցությունը` ի դեմս Խաչատուր Անդրեասյանի:
«Համատեղ հուշագիր ենք ստորագրում 5 տարի կառավարման փուլերը միմյանց մեջ հավասարաչափ բաշխելու, կիսելու, կառավարելու համար։ Ինչի՞ համար ենք նշում համատեղ, որովհետև մենք կառավարումն իրականացնելու ենք մեկս մյուսի հետ՝ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջև»,– հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Մեղրի համայնքում ամենաշատ մանդատներ ստացել էր «Հանրապետություն» կուսակցությունը (6), որին հաջորդում էին «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 5, Ազատական և «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ 2-ական մանդատներով։