ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Փաստաբանական համակարգի վեթինգը ուղղակի միջամտություն է լինելու փաստաբանների գործունեությանը։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունն այն մասին, որ վեթինգը պետք է վերաբերի ոչ միայն դատական, այլև՝ փաստաբանական համակարգին։
«Սա ուղղակի մտահոգիչ է,– ասաց Բաբայանը,– փաստաբանությունը պետական մարմին չէ, որ այստեղ ինչ–որ վեթինգ իրականացնես։ Իսկ եթե խոսում ենք այն մասին, որ փաստաբանը համագործակցում է վարույթ իրականացնող մարմնի հետ, դա հանցագործություն է։ Նման դեպքերի բացահայտմամբ մենք էլ ենք շահագրգռված։ Եթե կան նման դեպքեր, եկեք դրանց համահունչ գնահատական տանք»։
Բաբայանի խոսքով՝ դատավորների ու իրավապահ մարմինների հետ փաստաբանի համագործակցությունն այդ մասնագիտության տեր մարդկանց համար ոչ միայն կոպտագույն խախատում է, այլև՝ ծանրագույն հանցագործություն։
«Լավագույնը, ինչ կարող է անել պետությունը, նման երևույթները բացառելն է։ Սա պետք է արժանանա քրեաիրավական ու կարգապահական գնահատականի»,– ասաց Փաստաբանների պալատի նախագահը` հավելելով, որ իրավապահ համակարգի հետ փաստաբանների համագործակցության դեպքեր վերջին տարիների ընթացքում բացահայտվել են, դրանց արդյունքում նման փաստաբանների գործունեությունը դադարեցվել է։
«Մենք այդ փաստաբաններին անվանում ենք «գրպանի փաստաբաններ», և սա մեզ համար փաստաբանի անունն արատավորող գործողություններից մեկն է»,– ասաց Բաբայանը։
Հիշեցնենք` Գագիկ Ջհանգիրյանը նոյեմբերի 2-ին ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպված «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է, որ վեթինգը պետք է վերաբերի ոչ միայն դատական, այլև՝ փաստաբանական համակարգին։
«Այդ մաքրման, զտման գործընթացը նաև պետք է փաստաբան համակարգին, որովհետև, ցավոք, մեզ մոտ այդպես ընդունված է, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց գերազանցապես ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ` տարբեր գործերով։ Այսինքն` այս վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը՝ նրանց սպասարկող, աջակցող բոլոր մարմինները»-ասել է ԲԴԽ նախագահը:
Ջհանգիրյանը նաև հայտարարել է, որ հեղափոխությանը հաջորդած երեք տարիների ընթացքում դատական համակարգի վեթինգն ապահովող իրավական հիմք այդպես էլ չստեղծվեց, ուստի ԲԴԽ նախագահը հույս է հայտնել, որ իշխանությունները քաղաքական կամք կդրսևորեն դատական օրենսգիրքը լրամշակելու համար:
Փաստաբանների պալատի նախագահի գնահատմամբ՝ Հայաստանում վեթինգի մասին թեև արդեն տարիներ շարունակ խոսվում է, բայց դրա բովանդակությունն այդպես էլ մնում է չբացահայտված։
«Վեթինգ եզրույթը` որպես իրավաբանական կատեգորիա, այդպես էլ չբացահայտվեց։ Մենք` իրավաբաններս, փորձում էինք փնտրել այս եզրույթը տարբեր աղբյուրներում և հանդիպում էինք մասնավորապես այնպիսի մոտեցումներ, այնպիսի երկրների փորձ, որոնք բավական հեռու էին հայաստանյան իրավիճակից` թե՛ զարգացվածության, ու թե արդարադատության համակարգի առումով»,– ասաց Բաբայանը։
Իսկ ինչ վերաբերում է դատաիրավական բարեփոխումներին, Փաստաբանների պալատի նախագահի գնահատմամբ, դրանք մինչ օրս Հայաստանում դրական տենդենցով են առաջ ընթացել։ Փոխարենը այսօրվա փորձերը` ամեն ինչ «կոտրել» դատական համակարգի վրա, Սիմոն Բաբայանը մտահոգիչ է համարում` հավելելով, որ վեթինգը պետք է վերաբերի ամբողջ իրավական համակարգին, այդ թվում՝ քննչական մարմիններին, դատախազությանը, այլ ոչ թե դրա միայն մեկ օղակին։
Իսկ միայն դատական համակարգի թիրախավորումը, Սիմոն Բաբայանի դիտարկմամբ, կարող է տպավորություն ստեղծել, որ այդկերպ փորձ է արվում ճնշել դատական իշխանությանը։