ՀՀ-ԵՄ համագործակցություն. Ռուստամ Բադասյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին

Կողմերն ընդգծել են ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (Twinning, TAEIX) ակտիվ կիրառման անհրաժեշտությունը մաքսային և հարկային վարչարարության բարեփոխումների համատեքստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Այսօր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ աջակցությամբ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։ Դիտարկվել են նաև ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ներդրումային փաթեթի շրջանակներում ՊԵԿ այլ ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված համանման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները։
Գլխավոր դատախազը ՊԵԿ-ում հայտնաբերված հանցագործությունների հարցով դիմել է ՊԵԿ նախագահին
Կողմերն ընդգծել են ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (Twinning, TAEIX) ակտիվ կիրառման անհրաժեշտությունը մաքսային և հարկային վարչարարության բարեփոխումների համատեքստում, ինչպես նաև ԵՄ հնարավոր աջակցության դիտարկումը մաքսային լաբորատորիաների ստեղծման գործընթացում:
Կարևորվել են Միասնական տարանցման կոնվենցիայի աշխատանքային խմբում Հայաստանի Հանրապետության կողմից դիտորդի կարգավիճակի ստանձման և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման հետ կապված հարցերը: