Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն աննախադեպ արդյունքի հասավ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։
Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 38 հավաքականների մեջ զբաղեցրեց երրորդ տեղը։
Հավաքականի գլխավոր մարզիչ՝ բազմափորձ Վազգեն Բադալյանը կարծում է, որ նման հաջողությունը պատահական չէր, քանի որ Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան արդեն միասնական է գործում, հավաքականներն էլ կենտրոնացած են իրենց աշխատանքի վրա։
«Այս մրցաշարն ապացուցեց, որ մենք բռնցքամարտում ունենք ապագա։ Կան երիտասարդներ, որոնց հետ ճիշտ աշխատանք կատարելու դեպքում կհասնենք մեծ հաջողությունների։ Կարևորն այն է, որ մեզ չխանգարեն աշխատելու ժամանակ։ Իսկ հիմա հենց այդպես է։ Մենք ամբողջ թիմում կենտրոնացած ենք մարզվելու ու արդյունքներ ունենալու վրա։ Ճիշտ է, կցանկանայի, որ բռնցքամարտն ավելի շատ գովազդվեր ու դառնար ավելի մասսայական՝ այնպես, ինչպես խորհրդային տարիներին»- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Բադալյանը։
Մարզչից տեղեկացանք նաև, որ մեծ ուշադրություն է դարձվում բռնցքամարտիկների կարգապահության վրա։