ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Սպիտակում ժամանակավոր երկհարկանի շենքի տեղում ՀՀ իշխանությունները նոր շենք կկառուցեն՝ 40 բնակարանով։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Սպիտակում նշված տունը կառուցվել է փայտե պանելներից (վահանաձև տիպի տուն) և նախատեսված է եղել ժամանակավոր բնակության համար։
Անցած 30 տարվա ընթացքում այն բնակության համար բացարձակ ոչ պիտանի է դարձել։ Դրա փոխարեն նոր, բազմաբնակարան շենք կկառուցվի, ավելացրեց Ղուլարյանը։ Այդ նպատակով պետբյուջեից 325 միլիոն դրամ է հատկացվել։
Հաջորդ տարի աշխատանքներ կիրականացվեն Գյումրիում վթարային բնակելի շենքի հիմնանորոգման ուղղությամբ, նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարը:
Նա նաև տեղեկացրեց, որ վթարային շենքի փոխարեն նոր շենք է կառուցվել նաև Ապարանում։ Այս ծրագիրը նախատեսված էր 2021 թ․-ի համար։ Հին տան տեղում արդեն ավարտին է մոտենում նոր շենքի կառուցումը, որտեղ կտեղավորեն բնակիչներին։
Շարունակվում է նաև Ադրբեջանի հետ ներկայիս սահմանի մոտ գտնվողՇուռնուխ գյուղում նոր բնակելի տների կառուցումը։ 2022 թ․-ի հունիս-հուլիս ամիսներին կկառուցվի 13 բնակելի տուն, տեղ է թողնվել նաև նոր տների կառուցման համար, հավելեց Ղուլարյանը:
Եվ, ի վերջո, կոմիտեն հանդես կգա Երևանում բնակելի տների կառուցման նոր առաջարկներով։ Մասնավոր կառուցապատողներին կառաջարկեն վթարային տների փոխարեն նոր շենքեր կառուցել՝ ավելի շատ հարկերով, այնտեղ վերաբնակեցնել հին շենքի բնակիչներին, իսկ մնացած բնակարանները՝ վաճառել։
Նմանատիպ նախագծեր արդեն իրականացվել են Երևանի Աջափնյակ թաղամասում (Շինարարների և Արզումանյան փողոցներում)։