ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Մինչև տարեվերջ Արցախի մայրաքաղաքում շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը` հավելելով, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին Ստեփանակերտի Թումանյան փողոցում ծանոթացել է կառուցվող բնակելի թաղամասի և բազմաբնակարան շենքի ավարտման փուլում գտնվող շինաշխատանքներին:
Հարությունյանը շինարարական ընկերությունների ղեկավարներից հետաքրքրվել է շահագործման ժամկետների մասին, ընդգծել, որ սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող բազմաթիվ ընտանիքների բնակարանով ապահովելու հարցը կառավարության օրակարգային խնդիրն է հանդիսանում: Նա տեղում մի շարք հանձնարարականներ է տվել, կարգադրել, որ գործադրվեն բոլոր ջանքերը նախանշված ժամկետներում աշխատանքը որակով կատարելու համար:
Քաղաքաշինության պատասխանատուները վստահեցրել են, որ մինչև տարեվերջ մի քանի փուլով նորակառույց շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, շահագործման կհանձնվեն:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում մոտ 40 հազար մարդ էր անօթևան մնացել։
Արցախի տարբեր շրջաններում կառուցապատում է ընթանում անօթևաններին կացարանով ապահովելու համար։