ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն առաջնահերթ վերակառուցում է Մեղրիի սահմանային անցակետը։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Բնականաբար, Մեղրիի սահմանային անցակետը կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածք է, և նախատեսվում է ամբողջության մաքսային պրոցեսների վերանայված տարբերակին համապատասխանող կառուցվածք։ Այսինքն` ավելի մեծ տարածք` ավելի հարմարավետ մաքսային հսկողության համար, ավելի լավ կահավորված` ավելի հարմարավետ տնտեսվարողների համար»,– ասաց ՊԵԿ նախագահը։
2022թ–ի բյուջեով ՊԵԿ շենքերի կապիտալ շինարարության համար նախատեսված է 1 մլրդ 981 մլն դրամ, ևս 779 մլն դրամ նախատեսված է 2021թ–ի համար։
Բադասյանը հայտնեց, որ ծրագրի ավարտը նախատեսվում է 2024թ–ին։ Բայց կորոնավիրուսի պատճառով շինարարական աշխատանքները որոշակիորեն ուշացել են։
Նշենք, որ տվյալ գումարը ՀՀ–ին է հատկացրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը` որպես դրամաշնորհ։