Դավիթ Օվասափյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր

Սերբիայի մայրաքաղաքն այս օրերին դարձել է մենապայքարային մարզաձևերի կենտրոն։ Իրար հետ զուգահեռաբար այստեղ անցկացվում են բռնցքամարտի ու մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի –Sputnik. – Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր։
Դավիթ Օվասապյանը սերբ Վլադան Ժիվլովիչի նկատմամբ մաքուր հաղթանակով էր սկսել մրցաշարը 1/8 եզրափակիչում։ Քառորդ եզրափակիչում մեր հսկան 2։0 հաշվով պարտության էր մատնել Շվեյցարիան ներկայացնող Դելիան Հուսեին Ալիշահին, իսկ կիսաեզրափակիչում էլ մաքուր հաղթանակ էր տարել հունգարացի Դարիուշ Աթիլա Վիտեկի նկատմամբ։
Եզրափակիչում Օվասափյանը Իրանի ներկայացուցիչ Ամին Միրզազադեի հետ գոտեմարտում առաջինը միավոր վաստակեց ու գլորելու հնարավորություն ստացավ, բայց չկարողացավ հնարքը կիրառել։ Երկրորդ մրցափուլում իրանցին երկու միավոր վաստակեց` անցնելով մեր ըմբիշի թիկունքը։ Այսինքն` հաղթելու համար Օվասապյանին հարկավոր էր առնվազն երկու միավորանոց հնարք։ Բայց մեր ըմբիշին դա անել չհաջողվեց, ու Դավիթը պարտվեց 1։2 հաշվով։
Հրաչյա Պողոսյանը քառորդ եզրափակիչում պարտվել էր թուրք Ահմեդ Ույարին, ու քանի որ թուրքը հասել էր եզրափակիչ, իրավունք էր ստացել սփոփիչ գոտեմարտ անցկացնելու։ Այստեղ հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Արսլանբեկ Սալիմովին, իսկ երրորդ տեղի համար գոտեմարտեց մոլդովացի Կոռնելիուս Ռուսոյի դեմ և, 54 վայրկյանում հաղթանակի հասնելով, 9։0 հաշվով նվաճեց բրոնզե մեդալ։
Տասը քաշային կարգերում հանդես եկած հայ ըմբիշներից մեդալի է հավակնում նաև Շանթ Խաչատրյանը։ 72կգ քաշային կարգում հայ ըմբիշը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։
Հովհաննես Բաչկովը պարտվեց, Դավիթ Չալոյանը կմենամարտի ադրբեջանցու հետ
Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը չեմպիոն դարձավ և եռագույնով պտտվեց դահլիճում. տեսանյութ