Հազը լինում է չոր և խոնավ։ Բուժումը սկսելուց առաջ հարկավոր է հստակ հասկանալ բնույթը։
Խոնավ հազն ուղեկցվում է խորխի արտազատումով։ Չոր հազն ավելի կտրուկ է, առանց խորխի։ Այն ի հայտ է գալիս նոպայի ձևով, անսպասելի և կարող է մի քանի րոպե տևել։
Չոր հազի դեպքում կարևոր է խթանել խորխարտադրությունը և խոնավացնել լորձաթաղանթը։ Այդ նպատակով կարելի է հանքային ջրով կամ ֆիզիոլոգիական լուծույթով ինհալացիա անել։
Իսկ խոնավ հազի դեպքում պետք է խթանել խորխի դուրսբերումը։ Օգնում են ինհալացիան, մերսումը, տաքացնող քսուքները։ Չպետք է մոռանալ նաև սենյակային ջերմաստիճանի ու օդի խոնավության մասին։
Ընդհանուր խորհուրդներ հազը տնային պայմաններում բուժելու համար
Ավելի շատ տաք հեղուկ խմեք։ Այն նվազեցնում է լորձաթաղանթների գրգռվածությունը, փափկացնում դրանք, բացի այդ, հարկավոր է լորձի հեղուկացման համար, որպեսզի այն ավելի հեշտ դուրս գա հազալու ընթացքում։ Ոչ թթու ըմպելիքներ են հարկավոր՝ սովորական ջուր, չրերից պատրաստված կոմպոտ, խոտաբույսերով թեյեր։
Խոնավացրեք օդը։ Դրա համար կարելի է հատուկ սարք օգտագործել կամ օգտվել ժողովրդական մեթոդներից՝ խոնավ սրբիչ գցել տաքացուցիչի վրա (խոսքը միայն ռադիատորային ջեռուցիչների մասին է)։
Երբ պառկած եք, գլուխը պետք է կրծքավանդակից բարձր լինի։ Դա հեշտացնում է խորխի դուրսբերումը։
Կարող եք քթի լվացում անել ծովաջրի լուծույթով։ Լվացումները դուրս են բերում լորձը, հակառակ դեպքում այն հոսում է ներքև՝ դեպի կոկորդ, և ուժեղացնում հազը։
Տնային պայմաններում հազից արագ ազատվելու հարցում օգնում է նաև կրծքավանդակը տաքացնող քսուքներով շփելը (բժշկի հետ պարտադիր խորհրդակցելուց հետո)։ Շփումները բարելավում են թոքերի, բրոնխների արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ ակտիվանում է նյութափոխանակություն, արագանում է լորձի դուրսբերումը։ Սակայն 37,5°С-ից բարձր ջերմության դեպքում տաքացնող շփումները հակացուցված են։
Ուշադրություն
Տնային պայմաններում ջերմությամբ չուղեկցվող հազը ոչ մի դեպքում չի կարելի բուժել դեղամիջոցներով, եթե մրսածության այլ ախտանշաններ չկան, քանի որ հազի պատճառ կարող է լինել ոչ թե մրսածությունը, այլ ալերգիան, սրտի հետ կապված խնդիրները և այլն։ Այդ դեպքում ավելի լավ է դիմել բժշկի։
Ժողովրդական միջոցներ
Բողկ և մեղր
Սև բողկը անցկացնել քերիչով, հյութը քամել և խառնել մեղրի հետ 1։1 հարաբերակցությամբ։ Մեղրի փոխարեն կարելի է շաքար օգտագործել։ Ուտել մեկական ճաշի գդալ օրական երեք անգամ, ուտելուց առաջ։
Տատրակախոտից և եզան լեզվից պատրաստված թուրմ
Այս թուրմն օգնում է ազատվել խորխից։ Մեկական թեյի գդալ տատրակախոտն ու եզան լեզուն խառնել, ավելացնել 0,5 լիտր եռման ջուր։ Թողնել երկու ժամ, ապա քամել։ Խմել տաք վիճակում, օրական 3 անգամ 100-ական գրամ։
Ֆենխելի թեյ
Չոր հազի դեպքում խառնել ֆենխելի պտուղներ, անանուխի և երիցուկի տերևներ՝ 1։1։1 հարաբերակցությամբ։ Մեկ ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 0,5 լիտր եռման ջուր, թողնել 30 րոպե։ Այնուհետև քամել, խմել օրական երկու անգամ կես բաժակ։
Ալոե և մեղր
Ալոեի հաստ տերև կտրել, հյութը քամել։ Խառնել մեղրի հետ 1։1 հարաբերակցությամբ։ Խմել մեկական թեյի գդալ օրական երեք անգամ։ Այս միջոցը դյուրացնում է թոքերից խորխի դուրսբերումը։
Կակաոյի յուղով տաք կաթ
Կաթը հազի դեմ ունիվերսալ միջոց է։ Իսկ հատուկ հավելումները ուժեղացնում են ազդեցությունը։ Այսպես, կաթին ավելացնում ենք մեղր, մի պտղունց սոդա և կակաոյի յուղ (խորանարդի մեկ քառորդը)։ Ըմպելիքն օգնում է արդյունավետ ազատվել հոգնեցուցիչ հազից։ Տաք կոկտեյլը հարկավոր է խմել մանր կումերով օրական երեք անգամ և անպայման գիշերը։
Ինքնաբուժությունը հարկավոր է դադարեցնել հետևյալ դեպքերում․ եթե հազը ձգվում է 15 օրից ավելի, եթե հազալիս արյուն է արտազատվում, եթե ցավեր կան կրծքավանդակի հատվածում, եթե շնչառությունը դժվարացած է, ծանրություն և խռխռոցներ կան, ինչպես նաև բարձր ջերմության դեպքում։