Հայաստանում համապետական ծառատունկ կանցկացվի. ինչպես մասնակցել միջոցառմանը

Նիկոլ Փաշինյանը ծառ է տնկում
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը կտրամադրի անվճար տնկիներ և կնախանշի այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` աշնանային ծառատունկի ընթացքում գերատեսչությունն իրականացրել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։

«Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կտրամադրի անվճար տնկիներ և կնախանշի այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: Ծառատունկի համար նախատեսված 260.000 տնկիներից այս նպատակով կտրամադրվի 10.000 տնկի»,– տեղեկացնում է նախարարությունը։

Ծառատունկին մասնակցելու համար պետք է դիմումներ ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին: Դիմումում պետք է նշված լինի մասնակիցների թիվը և կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (հեռ.համար, էլեկտրոնային հասցե)։
Նիկոլ Փաշինյանի խոստացած 10 միլիոն ծառից քանի՞սն է տնկվել
Հիշեցնենք` դեռ 2019թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։
2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը, որոշել է 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:
«10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության` 2021 թվականի ծառատունկի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլի 10-ին։ Առաջին 1000 ծառերը տնկվեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում։