ՀԱԷԿ-ում զգալի աշխատանք է իրականացվել ծերացման կառավարման բնագավառում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների թիմը ստուգումներից հետո նախնական հաշվետվություն է ներկայացրել ատոմակայանի ղեկավարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 26-ից 29-ը Հայկական ատոմային էլեկտրակայանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն անվտանգության համընդհանուր ստուգում է իրականացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀԱԷԿ–ը` հավելելով, որ ստուգվել են ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամկետի երկարացման ռազմավարությունն ու հիմնական փուլերը:
Հատկանշական է, որ առաքելությունն անցկացվեց այս տարի, երբ Հայկական ԱԷԿ-ում իրականացվեցին անվտանգության բարձրացմանն ուղղված արդիականացման աշխատանքներ, որի արդյունքում նախատեսվում է էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականը:
Որակը նույնն է, գինը` ցածր. Հայաստանի ատոմակայանը տնտեսում է պետական միջոցները
Նշվում է, որ քառօրյա այցի ընթացքում փորձագետների խումբն իրականացրել է ստուգումներ՝ հաշվի առնելով շահագործման ժամկետի երկարացման հետ կապված ծրագրերի կազմակերպումն ու դրանց համապատասխանությունը ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներին։

«Փորձագետները փաստեցին, որ հիմնվելով նախորդ՝ 2018 թվականի առաքելության արդյունքների և եզրակացությունների վրա՝ ՀԱԷԿ-ում զգալի աշխատանք է իրականացվել ծերացման կառավարման բնագավառում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փորձագետների թիմը նախնական հաշվետվություն է ներկայացրել ատոմակայանի ղեկավարությանը և ՀՀ կարգավորող մարմնին. այն ենթակա է վերանայման: Հնարավոր փոփոխություններից, առաջարկություններից և հիմնավորումներից հետո փաստաթղթի վերջնական տարբերակը 3 ամսվա ընթացքում կներկայացվի ՀԱԷԿ-ին, ՀՀ ՄԱԿ կոմիտեին և կառավարությանը:
Ատոմակայանը միացվել է Հայաստանի էներգահամակարգին
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում պլանային-նախազգուշական վերջնական վերանորոգումն (ՊՆՎՎ 2021) ավարտվել է: Սա ամենաերկար և ամենակարևոր ՊՆՎՎ-ն է, որը նախորդում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից մինչև 2026 թվականը շահագործման լիցենզիա տալու մասին որոշման ընդունմանը: