ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. 2020-ի պատերազմից հետո անհետ կորած համարվող և 70 օր անց ողջ գտնված զինծառայող Արթուր Հարությունյանի մայրը` Սոնա Ադամյանը, հուզիչ շնորհավորական խոսք է հղել Արցախի փրկարարներին մասնագիտական օրվա առթիվ։ Կնոջ շնորհավորանքը փոխանցել է Արցախի ԱԻՊԾ–ն` Facebook–ի էջում հրապարակելով այդ խոսքը։
Պատերազմի հետևանքով գրավված Հադրութում մնացած և 70 օր կապի դուրս չեկած 6 զինվորի 2021-ի դեկտեմբերի 20–ին ողջ էին գտել։
«2020 թվականի 44-օրյա պատերազմի բոթը թակեց նաև մեր դուռը: Ընդամենը 2 ամսվա ժամկետային զինծառայող մեր որդուց` Արթուր Հարությունյանից վերջին լուրը ստացել էինք հոկտեմբերի 16-ին՝ ամսի 10-ից արդեն թշնամու թիկունքում հայտնվելու, շրջափակման մեջ լինելու ընթացքում: Դժոխք դարձած օրերը ամեն անգամ մեզ հեռացնում էին նրան գտնելու հույսից, բայց չէին կտրում»,–պատմում է տիկին Սոնան։
Կինն ասում է, որ ամեն լուսաբացին հույս էր ավելանում, քանի որ որոնողական աշխատանքներն էին սկսում, իսկ մայրամուտին այդ հույսը կարծես մարում էր... Եվ այդպես մինչև դեկտեմբերի 17-ը։ Այդ օրն էր, երբ 70 օր հետո առաջին լուրը ստացան:
«Աննկարագրելի զգացողություններ ունեմ դեկտեմբերի 20-ի հետ կապված, երբ արդեն կազմ ու նախապատրաստված որոնողական խմբերը դուրս էին եկել առաջին անգամ հաստատ կյանքեր փրկելու, որոնց մեջ էր նաև որդիս: Մեր հանդիպանը դժվար էր ողջ օրը սպասել, առավել ևս, որ վտանգներով դեռ լեցուն էր վերջնական տունդարձի ճանապարհը: Սրտի թրթիռով րոպեներն էինք հաշվում, սպասում օպերացիայի իրականացմանը»,–ասում է տիկին Սոնան։
Նա նաև շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Կարեն Սարգսյանին։
Հիշեցնենք, որ այդ 6 տղաներից մեկի` Նիկոլայի հորաքույրը, Sputnik Արմենիային մանրամասներ էր պատմել դեպքից։ Հադրութում գտնվող տղաներին հաջողվել է փրկվել, երբ կիսաքանդ տներից մեկում հեռախոսի լիցքավորման սարք էին գտել ու կարողացել մի քանի րոպեով հեռախոսը լիցքավորել։ Մի քանի րոպեով, քանի որ ամեն վայրկյան թշնամին կարող էր նկատել իրենց։
Խմբի տղաներից մեկը` Արմանը, կարողացել է զանգել եղբորն ու իրենց տեղն ասել, որից հետո էլ փրկարարների շնորհիվ կայացել է նրանց որոնման և հայտնաբերման գործընթացը։