Ընտանիքի անդամին հիշատակելն ի՞նչ մոտեցում է. Վարդևանյանը` ՔՊ–ականի արտահայտության մասին

Արամ Վարդևանյան. Արխիվային լուսանկար
Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ անհրաժեշտ է քննարկումների ժամանակ խոսքի նորմերի սահմանափակումներ մտցնել, իսկ Վահագն Ալեքսանյանն ավելի ուշ ներողություն խնդրեց Աննա Գրիգորյանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը այսօր քառօրյա նիստի ժամանակ կոչ արեց, որպեսզի ցանկացած օրենքի քննարկման ժամանակ որոշակի նորմերի սահմանափակումներ մտցվեն։
Այս հարցին Վարդևանյանն անդրադարձավ` մի փոքր շեղվելով պետական սահմանի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ։
«Վահագն Ալեքսանյանը վերջերս իր ելույթներից մեկի ժամանակ հիշատակում էր Աննա Գրիգորյանի ամուսնուն։ Ես շեղվում եմ թեմայից, բայց կարծում եմ, որ ցանկացած օրենքի քննարկում պետք է որոշակի նորմերի սահմանափակում ունենա։ Այդ սահմանափակումների վերաբերյալ պետք է բարձրաձայնվի, ինչպես օրինակ` ընտանիքի անդամին չհիշատակելը ցանկացած իրավիճակում»,– ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորը։
«Եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում»․ Վարդևանյանը՝ Ավանեսյանին
ԱԺ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը, արձագանքելով Վարդևանյանի ասածին, նշեց, որ զարմանալիորեն համաձայն է վերջինիս հետ և ընդգծեց, որ օրեր առաջ նայել է բրիտանական խորհրդարանի տարբեր տեսանյութեր ու այժմ փորձում է հասկանալ, թե ինչպես կարելի է ՀՀ–ում էլ այդ հարցը լուծել։
Ռուբինյանը նաև ընդգծեց, որ Բրիտանիայի ԱԺ–ում անգամ բառերի շարան կա, որոնք չի կարելի օգտագործել, սակայն վստահեցրեց`ՀՀ ԱԺ–ում նման առաջարկ անգամ չի կարող անել։
Վահագն Ալեքսանյանն ավելի ուշ ներողություն խնդրեց Աննա Գրիգորյանից և շեշտեց, որ ինքն էլ դեմ է քաղաքական գործիչների ընտանիքի անդամների հիշատակմանը քաղաքական խոսքում, եթե այդ անձը ներգրավված չէ քաղաքականության մեջ։
«Իմ մեջ տպավորված էր, որ տիկին Գրիգորյանի ամուսինը ներգրավված է քաղաքականության մեջ, պարզվեց` եղբայրն է ներգրավված։ Այնուամենայնիվ, ներողություն եմ խնդրում և շարունակում հավատարիմ մնալ իմ այն սկզբունքին` չհիշատակել ընտանիքի անդամներին, եթե, իհարկե, վերջիններս անձամբ ներգրավված չեն քաղաքականության մեջ»,– նշեց Ալեքսանյանը։
Ազգային ժողովում ծեծկռտուքի դեպքով ՀՔԾ–ն նյութեր է նախապատրաստում
Նշենք, որ 8–րդ գումարման խորհրդարանում հաճախ են վիճաբանություններ լինում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև։ Հաճախ բանը հասնում է անձնական վիրավորանքի և ծեծկռտուքի։