ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը միշտ կարող է ամեն հարցում օգնել։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նման կարծիք է հայտնել ՌԲԿ-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Մոսկվան կարող է աջակցել գերիների ազատ արձակմանը։
Դրա հետ մեկտեղ, Սարգսյանի կարծիքով, Ադրբեջանը, որպես հաղթանակած երկիր, պետք է վերադարձնի բոլոր հայ գերիներին։
Սարգսյանը հիշեցրել է, որ 1994 թվականին (առաջին արցախյան պատերազմում հայերի հաղթանակից հետո) բոլոր ռազմագերիների փոխանակում է տեղի ունեցել։ Նրա խոսքով՝ այդ հարցը բարձր է հայ-ադրբեջանական հարաբերություններից, այն ավելի շատ վերաբերում է մարդկային հարաբերություններին։ Ադրբեջանի ձգտումը դատեր, ներկայացումներ կազմակերպել, մարդկային կյանքեր օգտագործել որոշակի խնդիրներ լուծելու համար` Հայաստանի նախագահի համար անհասկանալի են։
«Ադրբեջանն անտեսում է և՛ միջազգային կազմակերպություններին, և՛ ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների խնդրանքները», - ընդգծել է Սարգսյանը:
Նախագահը նաև նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո գերիներին ազատ արձակելու հարցով միջազգային կառույցներ (ՄԱԿ, ԵՄ, ու ՆԱՏՕ) ուղղված բազմաթիվ դիմումներն արդյունք չեն տվել: ՀՀ նախագահը կարծում է, որ միջազգային կազմակերպություններն այնքան էլ արդյունավետ չեն աշխատում, ու դրանք այլևս այնքան հարգանք չեն վայելում, որքան 30 տարի առաջ։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 3788։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ՝ 224 զինվորականների ու 22 քաղաքացիական անձանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 113 գերիների: