Հայաստանի և Մալթայի գործադիրների միջև ստորագրված փաստաթղթով հարկումը կարող է նվազել

Մալթա
Արամ Վարդևանյանը նշեց, որ համաձայնագրի վերաբերյալ փաստաթուղթը պատշաճ կերպով չի ներկայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, հարկեր չվճարելու ու հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ ստորագրված համաձայնագրով նախատեսվում է հարկման դրույքաչափերը նվազեցնել։
Նախագիծն այսօր ԱԺ–ում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Նրա խոսքով` այդ տեսակ համաձայնագրերը պետական բյուջեի հարկային եկամուտների վրա կարող են երկակի ազդեցություն ունենալ` և՛ դրական, և՛ բացասական։ Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ ակնկալվում է նպաստավոր և կայուն միջավայրի ձևավորմամբ խրախուսել պայմանավորվող մյուս պետությունից ներդրումների կատարումը ՀՀ–ում` ակնկալելով լրացուցիչ տնտեսական ակտիվություն ու հարկման բազաներ։
Հայաստանը մտադիր է վերացնել կրկնակի հարկումը Մալթայի ու Սինգապուրի հետ
«Մալթայի այն քաղաքացիները, ովքեր ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնելու ՀՀ–ում` առանց մշտական հաստատության, ապա այդ եկամուտները հարկման ենթակա կլինեն միայն Մալթայում։ Հայելաձև հակառակ պայմաններում եկամուտները հարկման ենթակա կլինեն միայն Հայաստանում»,– նշեց Պողոսյանը և հավելեց, որ հենց սա է նպաստավոր միջավայրի ձևավորման հիմնական խաղաքարտը։
Անդրադառնալով հարկման դրույքաչափերին` Պողոսյանն ասաց, որ պասիվ եկամուտներից ռոյալթիների վարձակալական վճարների և տոկոսների համար նախատեսվում է 5 տոկոս դրույքաչափ` երկուստեք։ Շահաբաժինների դեպքում նույնպես առաջարկվում է կիրառել 5 տոկոս դրույքաչափ, եթե շահաբաժինների սեփականատեր ընկերությունն ուղղակիորեն տնօրինում է այդ ընկերության կապիտալի առնվազն 10 տոկոսը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ ցանկացած միջազգային համաձայնագիր վավերացնելու և ԱԺ–ում քննության առարկա դարձնելու համար պետք է անցնի Սահմանադրական վերահսկողության միջով։

«ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը ասել է, որ այս համաձայնագիրը պատշաճ կերպով չի ներկայացվել իրենց, քանի որ այն ներկայացվել է էլեկտրոնային ձևով»,– ասաց Վարդևանյանը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև՝ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին: Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների՝ շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը: