Բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել. երեք տարվա ընթացքում ի՞նչ է արվել «Հոկտեմբերի 27»-ի գործով

Գլխավոր դատախազություն
Գոռ Աբրահամյանը գործի մասին շուրջ երկու տարի հրապարակումներ չլինելու հանգամանքը բացատրել է նրանով, որ այն գաղտնիության բավականին մեծ էլեմենտներ է պարունակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությունից 22 տարի է անցել, բայց այդ առթիվ հարուցված քրեական գործը մինչև հիմա էլ բազմաթիվ հարցականներ ունի։
Մոտ երկու տարի առաջ՝ 2019-ի դեկտեմբերին, ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել էր հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրի՝ Անահիտ Բախշյանի փաստաբանների բողոքը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված և կարճված մասով նոր քննություն սկսելու վերաբերյալ: Գործի այդ մասը 2000-ին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյոք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն 4 տարի անց Գլխավոր դատախազությունը կարճել էր այն՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։ Կարճված գործի վերաբացումից մոտ երկու տարի անց դրա վերաբերյալ հրապարակային նոր մանրամասներ հայտնի չեն։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ գործի շրջանակում բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել, փաստաթղթեր են ուսումնասիրվել։ Տեղեկությունը հաստատել է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Այո, բազմաթիվ հարցաքննվողներ են եղել, մեծաքանակ փաստաթղթերի առգրավումներ են կատարվել։ Դատախազությունը ցուցում է տվել ԱԱԾ-ին, քննչական դեպարտամենտին՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, քննչական կոնկրետ գործողություններ իրականացնելու համար։ Դրանք այս պահին ընթացքի մեջ են»,- ասել է Աբրահամյանը։

Նա գործի մասին շուրջ երկու տարի հրապարակումներ չլինելու հանգամանքը բացատրել է նրանով, որ այն գաղտնիության բավականին մեծ էլեմենտներ է պարունակում։
«Նոր մեղադրանքներ չկան,- ասել է Աբրահամյանը ու վստահեցրել,– գործի քննությունը չի քնեցվել»։
Նա, սակայն, չի մանրամասնել, թե գործի շրջանակներում ովքեր են կանչվել հարցաքննության։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Անահիտ Բախշյանի փաստաբան Զարուհի Մեջլումյանը նշել է, որ 2 տարվա մեջ Բախշյանը մեկ անգամ է հրավիրվել հարցաքննության։ Հավելյալ մանրամասների Մեջլումյանն ինքն էլ չի տիրապետում։
Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 21–ամյա ողբերգության տեսախրոնիկան
Պարբերականը հիշեցնում է, որ վերոնշյալ գործի վերաբացումը Անահիտ Բախշյանը Հայաստանում քաղաքական կուրս փոխվելու հետ էր կապում։ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո հոկտեմբերի 27-ի տուժողների իրավահաջորդներն իսկապես լիահույս էին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կլծվի ողբերգական ոճրագործությունն ամբողջությամբ բացահայտելու գործին։
«Իրականությունը, սակայն, այն է, որ իշխանափոխությունից ավելի քան երեք տարի անց իրավապահ համակարգի ներկայացուցիչները ութ մարդու կյանք խլած ոճրագործության մասով ոչ միայն նոր բան չեն բացահայտել ու ներկայացրել, այլև գործը նոր քննության ուղարկելուց օրեր անց Հայաստանը լքել է «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը»,– եզրափակում է թերթը:
«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հանգեցրել են երեք գործոն». Վաղարշակ Հարությունյան
Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։