ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Նախաքննական մարմինը մինչ օրս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին արգելում է տեսակցել և հեռախոսազրույցներ ունենալ քննչական մեկուսարանում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Այդ սահմանափակումները տարածվում են նաև Տոնոյանի բարեկամների և հարազատների վրա։ Փաստաբանն ընդգծեց` սահմանափակումները դրված են եղել դեռևս քննության սկզբնական փուլից։ Այդ որոշումը պաշտպանների կողմից չի բողոքարկվել, որպեսզի չմեկնաբանվի որպես քննությանը խոչընդոտելու միջոց։ Այդ հարցը քննարկվել է նաև Դավիթ Տոնոյանի հետ, և նա նույնպես իր հավանությունն է տվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նույնպես դադարեցրել է Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով փորձաքննությունները: Դադարեցվել են զինամթերքի ապրանքագիտական և պայթյունատեխնիկական փորձաքննությունները, որոնց գնումը քրեական հետապնդման պատճառ է դարձել:
Պաշտպանական կողմը հրթիռների պիտանելիության փորձաքննության հետ կապված ընդգծեց, որ այն նշանակված էր դեռևս հուլիս ամսին, սակայն այդ որոշումը թողնվել է անկատար, ինչի պատճառն իրենց համար անհայտ է։
«Միջնորդություն ենք ներկայացրել քննիչին պարզաբանում ստանալու համար, որպեսզի հասկանանք, թե ինչ ծանրակշիռ փաստերի հիման վրա է նման որոշում կայացվել։ Պատասխան դեռ չենք ստացել»,– նշեց Հովհաննիսյանը և հավելեց` իրենք պահանջում են, որպեսզի փորձաքննությունն ամբողջական լինի։
Նա ընդգծեց, որ փորձաքննությունից դուրս են մնացել ամենաէական հարցերը և դրա մեջ ներառվել են միայն տեխնիկական հարցեր։
Ավելի վաղ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի փորձաքննությանը մասնակցեն նաև իրենք ու հենց Դավիթ Տոնոյանը։
Խոսելով խափանման միջոցի մասին` Հովհաննիսյանը նշեց, որ իրենք Վերաքննիչ դատարանից հիմնազուրկ որոշում են ստացել, որը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում։ Փաստաբանն ընդգծեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կա նաև մի քանի գործողություն, որոնք բողոքարկվել են։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին՝ ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակներում։
Նախաքննությունը Տոնոյանին և գործարար, զենքի առևտրական Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։
Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։