ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջիկայում դրամաշնորհների մրցույթ կհայտարարի տիեզերական տեխնոլոգիաների համար։
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը, դրամաշնորհներ կտրամադրվեն ռոբոտաշինության, տիեզերական գործիքաշինության, տիեզերական սարքերի համար նախատեսված կոմպոզիտային և այլ նյութերի, ինչպես նաև այլ տեխնոլոգիաների համար։
«Դրամաշնորհների ծավալը դեռ չենք որոշել, սակայն երեք կատեգորիա կլինի. փոքր, միջին և մեծ։ Կարող են հայտեր լինել նաև ավանդաբար օդատիեզերական չհամարվող ոլորտներից, սակայն որոնք կարող են արդիական լինել այս ոլորտի համար», – հավելեց Ասլանյանը։
Նախարարության 2021 թվականի բյուջեի համաձայն` դրամաշնորհային ծրագրերի համար նախատեսված է 600 մլն դրամ։ Մասնավորապես, շարունակվում է «Գաղափարից մինչև բիզնես» մրցույթը, որն արդեն իսկ մի քանի հաղթող ունի։