ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը: Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո մանրամասներ կհաղորդվեն:
Հիշեցնենք` Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15–ին։ Նա 75 տարեկան էր։
Թե որտեղ և ինչի հետևանքով է մահացել, հայտնի չէ։
Նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը, ավելի վաղ հայտնել էր, որ Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։
Վանո Սիրադեղյանը ծնվել է Նոյեմբերյանի Կոթի գյուղում 1946թ–ի նոյեմբերի 13–ին։ Եղել է 1990-ականների սկզբին Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից, 1990-1992 և 1997–2000 թվականներին ղեկավարել է կուսակցության վարչությունը, զբաղեցրել է բարձր պաշտոններ։
1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, 1997-98 թթ.՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999-ին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։
Սիրադեղյանի անվան հետ են կապում բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպումը, ինչի համար էլ նրա նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում էին հայտարարել։