Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ուսանող երեխաների վարձը լրիվ կփոխհատուցվի

Ուսման վարձի լրիվ փոխհատուցում կտրվի նաև այն ուսանողներին, որոնք ուսումնառության ընթացքում են ձեռք բերել այդ կարգավիճակը
Sputnik
ԵՐԵՎԱՆ,19 հոկտեմբերի - Sputnik. Զոհված կամ հաշմանդամության կարգ ստացած զինծառայողի ուսանող զավակի վարձը լրիվ կփոխհատուցվի։ ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին։
Ինչ հիմքով են պատերազմին մասնակցած ուսանողներից ուսման վարձ պահանջում. ԿԳՄՍՆ պարզաբանումը
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Նախագծով առաջարկվում է ֆիքսել, որ ուսման վճարի լրիվ փոխհատուցում կստանան նաև ուսումնառության ընթացքում որոշակի կարգավիճակ ստացած անձինք, ավելի կոնկրետ՝ զինծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները:
Պետությունը կփոխհատուցի 6948 ուսանողի ու նրանց ընտանիքների անդամների ուսման վարձը
Թռչունյանը պարզաբանեց՝ այսպիսով ուսման վարձի լրիվ փոխհատուցում կտրվի ոչ միայն այդ կարգավիճակով ընդունվածներին, այլ նաև այն ուսանողներին, որոնք ուսումնառության ընթացքում են ձեռք բերել այդ կարգավիճակը: Սա ֆիքսվում է, որ տարընկալում չլինի:

«Մենք ուզում ենք, որ սովորողները նույնպես ունենան լրիվ փոխհատուցում ստանալու հնարավորություն: Մասնավորապես, երբ ունենք պատերազմի հետևանքներով բազմաթիվ խնդիրներ և ունենք ընտանիքներ, որոնք նման կարգավիճակ ունեն»,- ասաց փոխնախարարը:

Թռչունյանը տեղեկացրեց, որ այս տարի նման կարգավիճակով 30 հոգի են ընդունվել բուհեր:
Նպաստ ստացող ուսանողների շրջանակը կընդլայնվի. ո՞ւմ ուսման վարձը կփոխհատուցի պետությունը