ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Հայ-ռուսական տնտեսական համագործակցության ներկայիս մակարդակը համընկնում է դաշնակցային հարաբերությունների պահանջներին և տրամաբանությանը։
Հայ–ռուսական միջտարածաշրջանային 8–րդ համաժողովի ողջույնի խոսքում այս մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձում: Վարչապետի ուղերձն ընթերցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Վարչապետի խոսքով՝ նման ձևաչափով ամենամյա միջոցառումները դարձել են երկու դաշնակիցների տնտեսական փոխգործակցության կարևոր ինստիտուտ։ Միջտարածաշրջանային համագործակցությունը հիմնվում է ավելի քան 20 համաձայնագրերի վրա և ունի լայն աշխարհագրություն։ Այն ներառում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերն ու Ռուսաստանի տարբեր վարչատարածքային միավորներ։
«Այս կապերի առկայությունը մեր երկու երկրների միջև բացառիկ հարաբերությունների վառ դրսևորումներից է։ ՌԴ–ն ոչ միայն առանցքային դերակատարում ունի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցում , այն նաև կենտրոնական տեղ և դեր մեր երկրի տնտեսության մեջ։ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը։ 2019 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլդ դոլարի համարժեքի շեմը, իսկ այս տարի արդեն արձանագրել ենք առևտրաշրջանառության երկնիշ աճ»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ Ռուսաստանն առաջատար տեղ է զբաղեցնում հայկական տնտեսության մեջ ներդրումների ծավալով և առանցքային դեր ունի Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում:
Փաշինյանի տեսանկյունից՝ տնտեսական համագործակցության ներկայիս մակարդակը համընկնում է դաշնակցային հարաբերությունների պահանջներին ու տրամաբանությանը, բայց դա չի նշանակում ստատիկ իրավիճակի ամրագրում։
«Ընդհակառակը, դա պահանջում է անընդհատ աշխատանք և զարգացում։ Աշխարհը փոխվում է շատ արագ, և հարաբերությունները պետք է համապատասխանեն այդ փոփոխություններին»,- համոզված է նա:
Վարչապետն անհրաժեշտ է համարում տնտեսական փոխգործակցության կատարելագործումը, որպեսզի այն նպաստի մրցունակ տնտեսության զարգացմանը:
Կառավարության ղեկավարը հայտարարել է երկու երկրների տնտեսությունների հետագա ինտեգրման և կոոպերացիայի զարգացման անհրաժեշտության մասին, որը հիմնված է ապրանքների, կապիտալի, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի վրա:
Փաշինյանը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միությունը ծառայում է այդ նպատակին, և Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի ամրապնդմամբ:
Նրա համար ակնհայտ է նաև երկկողմ տնտեսական կապերի դիվերսիֆիկացման հրամայականը։ Բացի ավանդական ոլորտներից, պետք է գտնել նաև տնտեսության բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների և գիտատար ճյուղերի զարգացման ուղիներ։