ՀՀ ԱԱԾ–ն բացահայտել է համակարգային կոռուպցիայի մեջ ներգրավված ՊԵԿ պաշտոնյաների` տնտեսվարողներից խոշոր կաշառք ստանալու դեպքեր։
Նշվում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետը, նախնական համաձայնության գալով նույն բաժնի 2 օպերլիազորների հետ, Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության հիմնադրի և փոխտնօրենի հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված խախտումները մասամբ չարձանագրելու դիմաց պահանջել ու 2021 թվականի հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքում գտնվող սրճարաններից մեկում անձամբ ստացել են 1 մլն դրամ կաշառք։
Դրանից անմիջապես հետո և՛պաշտոնատար անձինք, և՛ կաշառք տվողը բռնվել ու բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն:
Բացի այդ, պարզվել է, որ նույն օպերլիազորներից մեկը 2021 թվականի մարտից սեպտեմբեր ամիսներին Երևանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 5 անձանցից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառք։ Իսկ մեկ այլ օպերլիազորի հետ համաձայնության գալով` 2021 թվականի սեպտեմբերի 22-ին տնտեսվարողներից մեկի ներկայացուցչից ստացել 200.000 ՀՀ դրամ կաշառք:
Կաշառք տալու և ստանալու դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ՊԵԿ 4 պաշտոնյա և նրանց կաշառք տված անձանցից 3-ը։
Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան: