ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Մեղրի-Կապան ավտոճանապարհին՝ «Ծակ քար» կոչվող տարածքում, ավտովթար է տեղի ունեցել, տուժել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգն ԱԻՆ–ի Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հոկտեմբերի 17-ին, ժամը 00:06-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 21-րդ կմ-ին (վարորդ՝ Ջ․ Ս․, ծնված 1984 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ), ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է խցիկում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին։
Տուժածը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: