Թե ինչպես Մարկոս Կրասոսի գլուխը ռեկվիզիտ դարձավ հայկական թատրոնում

...կամ պատմություն այն մասին, թե ինչ կապ ունեն հայերը Սպարտակի ապստամբության հետ
Sputnik
2074 տարի է անցել այն օրվանից, երբ Արտաշատում ներկայացման ժամանակ արտասովոր իրադարձություն տեղի ունեցավ, որի մասին գրեցին անտիկ պատմիչները: Հռոմեացիները Արտաշատը «Հայկական Կարթագեն» էին անվանում և կարծում էին, որ քաղաքի հատակագծման և կառուցման աշխատանքներին անմիջական մասնակցություն է ունեցել հռչակավոր կարթագենցի զորավար, Հռոմի սարսափ Հաննիբալը:
Հյուսիսային բևեռը «գնում է» Թայմիր, կամ հայկական լեռնաշխարհի ստորգետնյա քաղաքները
Ինչպես գրում է հույն գրող, Հռոմի դարաշրջանի պատմաբան ևփիլիսոփա Պլուտարքոսը՝ մ.թ.ա. 53թ.-ինհռոմեացի զորավար Մարկոս Լիկինիոս Կրասոսը զոհվել է Միջագետքում՝ Խառանի մոտ պարթևացի Սուրեն զորավարի դեմ ճակատամարտում (Խառանը գտնվում է ժամանակակից Թուրքիայի Շանըլուրֆա գավառում): Սուրենը նրա գլուխն ուղարկում է Պարթևստանի արքա Որոդես 2-րդին, որն այդ ժամանակ գտնվում էր Արտաշատում՝ իր որդի Բակուրի և Արտավազդ Բ-ի (Տիգրան Մեծի որդու) դստեր հարսանիքին:
Արքաները դիտում էինԵվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգության բեմադրությունը: Այդ օրը ելույթ էրունենում ողբերգակ Յասոն Տրալացու թատերախումբը: Եվ դերասանը, որը խաղում էր Ագավեի՝ Թեբեի արքա Պենթեուսի մորդերը, թատրոնում սովորաբար կիրառվող բուտաֆորիկ գլխի փոխարեն դուրս բերեց Կրասոսի իսկական գլուխը, արտասանելով. « Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս… Լեռան բարձունքից բերում ենք եղնիկ` խոցված մեր փառահեղ հարվածներից»: Գլուխն ամրացված է եղել թիրսոսի՝ փայտե գավազանի վրա (Պլուտարքոս, «Կրասսոս», գլուխ 30-33): Հռոմի կոնսուլ և պատմաբան Դիոն Կասիոսը նույնպես նկարագրում է Մարկոս Լիկինիոսի մահը: Նա հայտնում է, որ ճակատամարտից հետո պարթևները մեռած Կրասոսի բերանը հալած ոսկի էին լցնում՝ ծաղրելով նրա ագահությունը (Դիոն Կասիոս, XL, 27)
Հայաստանն անգիր իմացող մարդը. Ռուբեն Մնացականյանի հսկաներն ու վիթխարի հուշարձանները
Սա թերևս միակ դեպքն է, երբ Սպարտակը, թեկուզ և անուղղակիորեն՝ իր թշնամի Կրասոսի միջոցով, ինչ-որ կերպ կապվել է Հայաստանի պատմության հետ: Սակայն 20-րդ դարը, գիտատեխնիկական հեղափոխության և կրթության զարգացման հետ մեկտեղ դարձավ նաև հսկայական թվով կեղծ առասպելների ծննդի դարաշրջան:

Ո՞վ «դավաճանեց» Սպարտակին, և ովքեր էին կիլիկիացի ծովահենները

Այսօր ինտերնետում կարելի է հանդիպել բազմաթիվ ստահոդ «պատմությունների», որոնք ոչ մի, նույնիսկ չնչին, պատմական հիմք չունեն։ Հակահայկական քարոզչությունը վաղուց է դրանք շահագործում, թեև պատմությունից տեղյակ մարդկանց մոտ դրանք միայն ծիծաղ կարող են առաջացնել: Թեզերից մեկը, որը հատկապես շատ է ծամծմում ադրբեջանական քարոզչությունը, կոչվում է «Թե ինչպես հայերը դավաճանեցին Սպարտակին»:
Զարմանալի չէ, որ ոչ այնքան ուսյալ ընթերցողները դա որպես ճշմարտություն են ընկալում, բայց երբեմն անգամ իրենց իսկ պատմությունը վատ իմացող հայերն են նման բաները լուրջ ընդունում: Ավելի պատկերավոր լինելու համար ներկայացվում են լուսանկարներ և անգամ հատվածներ Հովարդ Ֆասթի վեպի հիման վրա նկարահանված հռչակավոր «Սպարտակ» ֆիլմից (ռեժիսոր՝ Սթենլի Կուբրիկ, 1960թ.):
Արևմտյան Հայաստանի՝ ջրի տակ անցած բնակավայրերը
Ֆիլմը մեծ իրադարձություն էր դարձել կինոաշխարհում, այսօր այն դասական է համարվում: Բայց քանի որ դա գեղարվեստական ֆիլմ էր, բազմաթիվ դրվագներ հորինված են՝ անտիկ աղբյուրներում մանրամասներ չկան: Անգամ Սպարտակի կնոջ անունը հստակ հայտնի չէր, ինչպես ասում են՝ պատմությունն այդ մասին լռում է, ուստի ստիպված էին հնարել, ընդ որում՝ ոչ միայն կինոյում: Ֆիլմում նրան կոչում են Վարինիա, Ռաֆայելո Ջովանիոլիի «Սպարտակ» վեպում (1874թ.) հերոսի սիրեցյալի անունը Վալերիա է, ընդ որում նա պատրիկուհի է, բռնապետ Սուլլայի կինը: Արամ Խաչատրյանի բալետում (1956թ.) նրա անունը Ֆրիգիա է, և այդպես շարունակ: Դե, իսկ ծովահենների անունները առավել ևս չեն պահպանվել: Ֆիլմի սյուժեն հետևյալ կերպ է ծավալվում:
Ապստամբների բանակը հասնում է Բրինդիզի, սակայն, չնայած նախնական համաձայնությանը, ծովահենների էմիսարը հրաժարվում է տեղափոխել ապստամբներին: Սպարտակը նրան ստիպում է խոստովանել, որ Կրասոսն է կաշառել ծովահեններին: Արևմուտքից մոտենում է Պոմպեոսի բանակը, Ասիայից ծովով Բրինդիզի է գալիս Լուկուլլոսի բանակը: Ապստամբները նահանջելու տեղ չունեն:
Հենց այս հատվածում տեղի է ունենում կիլիկիացի ծովահենների հետ դրվագը, որը, հնարավոր է, իսկապես եղել է, ըստ որոշ անտիկ պատմաբանների վարկածի։ Ահա Պլուտարքոսի պատմությունը.
Ի՞նչ գտան չինացիները Արարատ լեռան վրա
«…իսկ Սպարտակը նահանջեց Լուկանիայով և ծովափ դուրս եկավ: Նեղուցում հանդիպելով կիլիկիացի ծովահեններին՝ նա որոշեց նրանց օգնությամբ տեղափոխվել Սիցիլիա, կղզում ափ իջեցնել երկու հազար մարդու և նորից բորբոքել սիցիլիացի ստրուկների ապստամբությունը, որը հազիվ էր մարել դրանից մի փոքր առաջ: Մի կայծը բավական էր, որպեսզի այն նոր ուժով բռնկվի: Սակայն կիլիկիացիները, Սպարտակի հետ պայմանավորվելով տեղափոխման մասին և ընդունելով ընծաները, խաբեցին նրան և հեռացան նեղուցից: Ստիպված լինելով նահանջել ծովափից՝ Սպարտակը զորքի հետ միասին տեղակայվեց Ռեգիուսի թերակղզում: Այստեղ էլ եկավ Կրասոսը»(Պլուտարքոս, «Կրասոս», գլուխ 10-րդ):
Սակայն Պլուտարքոսը ոչինչ չի հայտնում այն մասին, թե ինչ ազգության են պատկանել ծովահենները, չի հիշատակում նաև նրանց առաջնորդների որևէ անուն:
Հսկաների մասին առասպելները հեքիաթներ չեն. ի՞նչ են պատմում Հայաստանում գտնված ոսկորները
Նրանց դերն այնքան էլ չի համապատասխանում մեզ հասած փաստերին. ֆիլմում նրանք պետք է ապստամբած ստրուկներին իրենց հայրենի երկրները հասցնեին, սակայն կաշառվում են հռոմեացի զորավար Մարկոս Լիկինիոս Կրասոսի կողմից, և նրանք ստրուկներին թողեցին շրջափակման մեջ: Պլուտարքոսի խոսքով՝ Սպարտակն իսկապես բանակցություններ է վարել կիլիկիացի ծովահենների հետ: Բայց նրանք պետք է ոչ թե ապստամբներին տուն տանեին, այլ Սպարտակի 2000 մարտիկներին տեղափոխեին Սիցիլիա, որտեղ նա ուզում էր նոր ապստամբություն բորբոքել՝ հռոմեացիների խնդիրներն ավելացնելու համար: Կիլիկիացիներն ընդունել են նրա ընծաները, սակայն պայմանավորվածությունը չեն կատարել:
Հովարդ Ֆասթի վեպում ևս ոչ մի նման բան չկա: Դրվագն ավելի ուշ են մտածել՝ սցենարը գրելու ընթացքում: Ֆիլմի արտադրությունը բարդ է եղել, հիմնականում գրաքննության ուղղումների և սցենարական դժվարությունների պատճառով. այն մի քանի անգամ սկզբից մինչև վերջ վերափոխել են: Ֆիլմը երկու ռեժիսոր է նկարահանել. սկսել է Էնթոնի Մաննը, շարունակել և ավարտին է հասցրել Սթենլի Կուբրիկը, որը հետագայում խոստովանում էր, որ դա իր ֆիլմերից միակն է, որն ինքը չի սիրում, թեկուզ և հայտնիէ դարձրել իրեն: Ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Քըրք Դուգլասը տխուր կատակում էր, թե «Սպարտակ» ֆիլմի աշխատանքներն ավելի երկար են տևել, քան բուն ապստամբությունը՝ ավելի քան երկու տարի, ինչը ամերիկյան կինոինդուստրիայի չափանիշներով թույլատրելիի սահմաններից բավականին դուրս է:
Ու՞ր է կորել 1000 տարին, կամ հատուկ խեղաթյուրում են հայոց հնագույն պատմությունը
Սկզբում Դուգլասն ուզում էր, որ սցենարը գրի հենց գրքի հեղինակը: Հովարդ Ֆասթը, սակայն, սցենարիստի փորձ չուներ, բացի այդ՝ նա կոմունիստ էր, ինչի պատճառով կարող էին խնդիրներ ծագել գրաքննության հետ: Կարդալով սեփական վեպի հիման վրա Ֆասթի գրած սցենարի առաջին 60 էջը, Դուգլասը այն «աղետ» անվանեց և ստիպված եղավ հապճեպ կերպով փոխարինող փնտրել: Նա դիմեց Դալթոն Թրամբոյին՝ ձախ հայացքներով մեկ այլ գրողի, որը 1950 թվականին 11 ամիս անցկացրել էր բանտում:
Հենց Թրամբոն էլ գրեց սցենարը, ընդ որում՝ մի քանի անգամ պրոդյուսերների պահանջով փոփոխեց այն: Ըստ երևույթին հենց նա էլ կիլիկիացի ծովահենների ներկայացուցչի համար հորինել է Տիգրան անունը և նույնիսկ ազգանվան նման մի բան՝ Լևանտ: Ծովահենի դերը վստահեցին չեխական ծագումով բրիտանացի դերասան Հերբերթ Լոմին:
Ակնհայտ է, որ Դալթոն Թրամբոն պատմությունը փորփրելու ժամանակ չի ունեցել: Նա հանրագիտարանում փնտրել է անվանումը և կարդացել Կիլիկիայի հայկական պետության մասին: Այնուհետև Հայաստանի պատմության մեջ գտել է ամենահնչեղ՝ հայոց արքա Տիգրան Մեծի անունը: Իսկ քանի որ արքայատոհմերի անվանումները՝ Երվանդունիներ, Արշակունիներ, Արտաշեսյաններ և այլն, այստեղ հաստատ համապատասխան չէին լինի, օգտագործել է Կիլիկիային ամենամոտ երկրի անվանումը՝ Լևանտ:
Հայասայի հետ հայերի կապը ժխտելը քաղաքական ենթատեքստ ունի. ակնհայտը՝ բանավեճի առարկա
Հնում ծննդավայրի անվանումը ազգանուն համարելը սովորական բան էր: Բազմաթիվ օրինակներ կան. Հին Հունաստանի ատլետ Միլոն Կրոտոնացին, փիլիսոփաներ Անաքսագորաս Կլազոմենացին (մ.թ.ա. 500-428թթ.), Դիոգենես Սինոպացին (մ.թ.ա. 412-323թթ.), Դիոգենես Լայերտացին և այլն: Կարելի է նշել նաև մեր միջնադարյան մտածողներին՝ Նարեկացի, Շիրակացի, Տարոնեցի և այլն:
Իհարկե, Կիլիկիայի հայկական թագավորությունը, որը գոյություն է ունեցել միջնադարում՝ 1080-1375թթ.-ին (Լեռնային Կիլիկիան՝ մինչև 1424թ.-ը) ոչ մի կապ չուներ դրանից ավելի քան հազար տարի առաջ գործունեություն ծավալած ծովահենների հետ, կապ չուներ ոչ միայն ժամանակագրական, այլև՝ բնակչության առումով:
Վեճ Հայաստանի սահմանին. ինչպես Վլադիմիր Մովսիսյանը պատանդ դարձավ դեռ խորհրդային տարիներին
Հայերի զանգվածային արտագաղթը Կիլիկիա տեղի է ունեցել միայն մեր թվարկության առաջին հազարամյակի վերջին և երկրորդ հազարամյակի սկզբին, Հայկական լեռնաշխարհում բնիկ հայկական պետականությունների կորստից հետո: Բնականաբար, համացանցի այս դարում յուրաքանչյուրը կարող է ստուգել դա, բավական է միայն տեղեկություն փնտրել կիլիկիացի ծովահենների մասին: Այսօր հայտնի է, որ էթնիկապես նրանք կազմված են եղել հիմնական իսավրիական ցեղերից՝ ռազմատենչ ավազակներից ու ծովահեններից, որոնցով բնակեցված էր Փոքր Ասիայի հարավի լեռնային հատվածը՝ Իսավրիան:
Հռոմի դեմ կիլիկիացի ծովահենների պատերազմում իսավրիացիներն այնքան գործուն մասնակցություն են ունեցել, որ կուսակալ Պուբլիոս Սերվիլիոսը ստիպված է եղել հետապնդել նրանց ցամաքում, անգամ ամրոցներում և հնազանդեցնել ամբողջ ժողովրդին, ինչի համար էլ ստացել է Իսավրիկոս տիտղոսը:
Հնից էլ հին Քարահունջը. ինչի մասին են վկայում Հայաստանի «ծակ քարերը»
Ըստ էության, այստեղ էլ, դեռ չսկսված, ավարտվում է «հայ ծովահենների պատմությունը»:
Իսկ հին հայկական թատրոնը, ինչպես հունականն ու հռոմեականը, համարվում է աշխարհի հնագույն թատրոններից մեկը: Սակայն քրիստոներության ընդունումից հետո եկեղեցին սկսեց հակազդել թատերական արվեստին: Եվ չնայած դրան, թատրոնը սիրված էր ժողովրդի շրջանում: Անտիկ դրամատուրգների և հայ հեղինակների ներկայացումներ էին բեմադրում: Իսկ Նոր ժամանակներում թատերական արվեստը Հայաստանում սկսեց մեծ թափով զարգանալ, փոխվեց անգամ եկեղեցու վերաբերմունքը դրա հանդեպ, ինչը հիանալի արտահայտել է կաթողիկոս Խրիմյան Հայրիկը (1820-1907թթ.) իր իմաստուն խոսքով. «Թատորնը երկրորդ եկեղեցի է, ատիկա տեսակ մը տաճար է մարդկային բարքերը կրթելու համար»: