ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ընթանում են Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման աշխատանքները, որի համար ներդրվել է 1 միլիարդ 355 միլիոն 400 հազար ՀՀ դրամ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով` նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար: 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում այն լինելու է սեյսմակայուն, ունենալու է հակահրդեհային, ջերմամեկուսացման ու ջեռուցման համակարգեր, վերելակ, հարմարավետ մարզադահլիճ, ինչպես նաև հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
«Չնայած դպրոցն ուներ նորագույն տեխնիկայով հագեցած համակարգչային սենյակ, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի կահավորված լաբորատորիաներ, շենքային ոչ սեյսմակայուն պայմաններն այլևս անհնարին էին դարձնում որակյալ կրթության ապահովումը: Ուստի որոշվել է այն հիմնովին քանդել և կառուցել նորը»,–գրել է փոխվարչապետը։
Նշենք, որ դպրոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում։ Եռահարկ շինությունը կառուցվել է 1976թվականին։
Դպրոցի վերակառուցման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համատեղ ներդրումով: