ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է «Առուշ Առուշանյան» դաշինքի` Գորիս քաղաքի շտաբի մոտ կուտակված մեծաքանակ ոստիկաններին և տեղի ունեցած խուզարկությանը։
Նշվում է, որ ՄԻՊ–ին ուղղված ահազանգերի համաձայն՝ ոստիկանները պարզաբանել են, որ պետք է հարուցված քրեական գործի շրջանակում դատարանի որոշման հիման վրա շտաբում իրականացնեն խուզարկություն, բայց, ըստ ահազանգի, դատարանի որոշումն անօրինական է:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հարցը քննարկվել է Առուշ Առուշանյանի փաստաբանի, շտաբի անդամների հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ ոստիկանության հանրային պարտավորությունն է ցույց տալ, թե ինչ ծանրակշիռ հիմնավորումներով են նշված արարքները հենց քվեարկության օրն իրականացվում ոստիկանների այդ քանակի մասնակցությամբ՝ ուղեկցվելով ողջ շտաբի մուտքը փակելով ու նախընտրական շտաբի աշխատանքները սահմանափակելով:
«Ոստիկանությունը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ ընտրական գործընթացին մասնակցության հետ կապված որևէ քաղաքական ուժի համար, հատկապես քվեարկության օրը,խոչընդոտներ չառաջանան, որևէ անհամաչափ միջամտություն չլինի, ինչպես նաև իր միջամտության արդյունքում տեղի չունենա ընտրական գոծընթացի որևէ մասնակցի քաղաքական կամ այլ իրավունքների ոտնահարում կամ առնվազն չստեղծվի նման ընկալում»,–նշել է Թաթոյանը:
Նշենք, որ քիչ առաջ Գորիսում ավարտվեց «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի խուզարկությունը, որը տևեց 3.5 ժամ և ավարտվեց այն ժամանակ, երբ փակվեցին ընտրատեղամասերը։
Փաստաբան Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր կարծիքով`ոստիկանները խուզարկության ժամանակ ոչինչ չեն գտել։
Նշենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հոր` Գագիկ Առուշանյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իբրև նա 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։ Դրա հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը խուզարկության թույլտվություն է տվել։
Դատարանը թույլատրել է խուզարկությունն անցկացնել հոկտեմբերի17–19–ը, մեկ անգամ ու մեկ վայրում։
Հիշեցնենք` Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրեցին ավագանու անդամների ու քաղաքապետների։
Հավելենք, որ ԿԸՀ-ի որոշմամբ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: