Նոր համաձայնագիր դեռ երկար ժամանակ չի լինի, որովհետև մեր տարածաշրջանում խաղացողների, շահառուների քանակն է շատացել, որոնց շահերը տարբեր են, քանի որ կոմունիկացիաներին առնչվող հարցերն ունեն աշխարհաքաղաքական և տնտեսական մեծ նշանակություն։ Խոսելով տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին` Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա կարծիքով` ՀՀ-ն սուբյեկտից վերածվել է օբյեկտի, արդյունավետորեն չի կարողանում պաշտպանել իր սահմանները, իսկ խնդիրների առկայության դեպքում դիմում է Ռուսաստանին։
Չնայած այդ հանգամանքին` դիվանագիտական ներուժ դեռ կա,ինչի հիմքը տարբեր երկրների հակասություններն են, որոնց վրա խաղալով Հայաստանը կարող է որոշ չափով սպասարկել իր շահերը։
«Գերտերությունները մեր տարածաշրջանում շահագրգռված են տարանցիկ կապուղիների անխափան շահագործմամբ, և այստեղ հարցն այն է, թե կոնկրետ ինչ կապուղիներ կլինեն, ով և ինչպես կվերահսկի այդ կապուղիները։ Հայաստանը հայտնվել է ֆունդամենտալ կարգավիճակում, որն իր մեջ պարունակում է ինչպես վտանգներ, այնպես էլ դիվիդենտներ։ Հետևաբար` քաղաքական, դիվանագիտական առումով ճիշտ չկողմնորոշվելը, լարախաղացի քաղաքականություն վարելը վտանգավոր է»,– նշեց քաղաքագետը։
Դանիելյանի պնդմամբ` առաջին հերթին պետք է հստակ արձանագրվեն շահերը, դրանից հետո անհրաժեշտ է միանալ ճիշտ դաշինքի, որի գործունեությունը համահունչ կլինի մեր շահերին ու անվտանգությանը։
Ըստ նրա` պետք է խուսափել այնպիսի իրավիճակից, երբ պահպանվում է տարածքային ամբողջականությունը, սակայն տարածքի վերահսկողությունն իրականացվում է այլ երկրների կողմից։
Քաղաքագետի դիտարկմամբ` ցանկացած պարագայում երկրների առջև բացվում են նոր հնարավորություններ, պարզապես կառավարությունը պետք է ճիշտ օգտագործի այդ հնարավորությունները և դրանց շուրջ համախմբի հասարակությանը։