Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. ի՞նչ է պատրաստվում անել պաշտպանական կողմը

Տոնոյանի պաշտպանական կողմը պատրաստվում է որոշումը ստանալուց հետո բողոքարկել այն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու հարցով պաշտպանական կողմի բողոքը: Դատարանի մոտ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Դատարանը մերժեց մեր բողոքը: Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվեց օրինական ուժի մեջ։ Որոշման օրինակը դեռևս չենք ստացել, ծանոթ չենք բովանդակությանը»,- նշեց Հովհաննիսյանը:
Պաշտպանական կողմը պատրաստվում է այդ որոշումը ստանալուց հետո պարտադիր կարգով այն բողոքարկել:

«Չգիտեմ, թե որ ատյանով, չգիտեմ, թե երբ, հետագայում միջազգային որ դատարանում կստացվի, բայց հավաստիացնում եմ, որ Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքի սահմանափակման ոչ իրավաչափ լինելը արձանագրվելու է միանշանակ»:

Սերգեյ Հովհաննիսյան
Դավիթ Տոնոյանի պաշտպանը
Նա նշեց, որ Տոնոյանը ևս դատարանում ներկայացրել է իր հակափաստարկները և միացել փաստաբանների բողոքին։
«2021 թվականի հուլիս ամսին նշանակվել էր փորձաքննություն առկա սպառազինության մասին։ Այսօր, դատական նիստի ժամանակ, քննիչից տեղեկացանք, որ այդ փորձաքննության կատարումը թողնվել է անկատար։ Այժմ նոր փորձաքննություն է նշանակվել՝ տեխնիկական»,- նշեց փաստաբանը։
Դավիթ Տոնոյանը պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու համար. փաստաբանական խումբ
Նա շեշտեց, որ պաշտպանական կողմը պահանջում է փորձաքննության անհապաղ կատարում ամենասեղմ ժամկետներում, որպեսզի քննութունը չձգձգվի։
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ին Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։