Սիմոնյանը դատապարտել է Պակիստանի խորհրդարանի ղեկավարի այցը Արցախի օկուպացված տարածքներ

Սուբրամանյամ Ջայշանկարն ու Ալեն Սիմոնյանը
ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հնդկաստանի անկողմնակալ դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի հարցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը քննադատել է տարածաշրջանում Պակիստանի որդեգրած ապակառուցողական կեցվածքը և դատապարտել այդ երկրի խորհրդարանի ղեկավարի այցն Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես` Շուշի:
Սիմոնյանը բարձր է գնահատել Հնդկաստանի անկողմնակալ դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի հարցում:
Հնդկաստանի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը վերահաստատել է, որ իր երկիրը խնդրի կարգավորումը տեսնում է խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Հնդկաստանը կողմնակից է ԼՂ հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում. Ջայշանկար
Խոսելով տարածաշրջանային անվտանգությունից՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակի առնչությամբ Հնդկաստանի ԱԳՆ-ի սկզբունքային հայտարարությունը:
Հանդիպման ընթացքում որոշվել է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբ ձևավորել, որը կղեկավարի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
Կողմերը բարեկամական են որակել հայ-հնդկական հարաբերությունները` վստահություն հայտնելով, որ պատվիրակության այցն առավել կամրապնդի առաջընթացին ու զարգացմանը միտված կապերը:
Նշենք, որ Ջայշանկարը Հայաստան է եկել պաշտոնական այցով։ Այսօր կայացել է նրա և ՀՀարտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։
ՀՀ–ն ու Իրանը «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության մասին համաձայնագիր կստորագրեն. Միրզոյան
Հիշեցնենք` 2021թ–ի հուլիսի 30-ին Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահներն այցելել էին ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված Շուշի քաղաք։ Նրանք միասին շրջել էին հայկական բերդաքաղաքում: Իսկ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը Հայաստանին կոչ էր արել հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից և տարածաշրջանային կայունության ու խաղաղության դեմ ուղղված քայլերի մեջ մեղադրել Հայաստանին՝ նշելով, որ խաղաղությունն առաջին հերթին Հայաստանի ժողովրդին է անհրաժեշտ: