Համատեղ դիմագրավել առկա մարտահրավերներին. Փաշինյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է Իրանի հետ հարաբերությունները և գործընկերությունը, այդ թվում՝ իրավապահ ոլորտում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին:
«Ուրախ եմ արձանագրել, որ մեր գլխավոր դատախազությունների միջև հաստատված է բավականին արդյունավետ համագործակցություն: ԻԻՀ նախագահի հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվել ենք, որ մեր բոլոր գերատեսչությունները միմյանց հետ սերտ համագործակցություն պիտի հաստատեն»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
ՀՀ–ն ու Իրանը «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության մասին համաձայնագիր կստորագրեն. Միրզոյան
Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին իր հերթին նշել է, որ նախքան իր այցը Հայաստան ինքը հանդիպել է ԻՀՀ նախագահ պարոն Ռայիսիի հետ, որն ընդգծել է, որ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ է եղել:
ԻԻՀ գլխավոր դատախազը հավելել է, որ իր երկիրն առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտել է, որ երկու երկրների միջև առկա բազմադարյա, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մարտահրավերներին և գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաև գոյություն ունեցող մեծ ներուժը: «Մենք շահագրգիռ ենք Հայաստանի հետ կապերի զարգացմամբ՝ ի շահ մեր երկրների»,- նշել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

Պարոն Մոնթազերին ընդգծել է, որ Իրանը հարևանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ, միևնույն ժամանակ երբեք թույլ չեն տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներև պատերազմ հրահրող ուժեր:

ՀՀ կառավարության ղեկավարը մարտահրավերներին դիմագրավելու առումով կարևորել է նաև Հայաստանի ու Իրանի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելը, մասնավորապես, գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտին հասցնելը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու ներուժի լիարժեք իրացումը:
«Բացառել թյուրիմացությունները»․ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները խոսել են հեռախոսով
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Ինչպես արդեն հայտնել էինք` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով Հայաստան է ժամանել Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: