ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի` պետական ինքնաթիռով Բադեն–Բադեն մեկնելու փաստերով հարուցված քրեական գործի առնչությամբ նրա ներկայացուցիչ, փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարել է, որ տեսարաններ ապահովելու` իշխանության բոլոր փորձերն անհաջողության են մատնվելու։
«Շոուն շարունակվում է, բայց հանրությանը շեղելու բոլոր փորձերը դատապարտված են»,– Facebook-ում գրել է փաստաբանը։
Անդրադառնալով ՀՔԾ–ում հարուցված քրեական գործին` փաստաբանն արձանագրում է, որ այն հարուցվել է այն ժամանակ, երբ նախորդը` «դիզելի գործը», դատարանում արդեն սկսում էր փլուզվել։
«Ինչ վերաբերում է այս նոր գործի դատարկությանը, ապա այս պահին նշեմ միայն, որ ՀՀ բոլոր նախագահներին, այդ թվում` պաշտոնաթող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ի թիվս անվտանգության ապահովման, տրվել են նաև մի շարք սոցիալական երաշխիքներ, որոնց պայմաններում առնվազն տարակուսելի է օրենքով սահմանված երաշխիքներից օգտվելը դիտարկել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում»,– գրում է փաստաբանը` խոստանալով գործի հարուցման հիմքերի սին լինելը ներկայացնել հետագայում։
Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այսօր հայտարարել էր, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկող ինքնաթիռով դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք (Կարլսռուհե օդանավակայան) բազմաթիվ չվերթեր իրականացնելու փաստով։
Ըստ քրեական գործի` դրանց մի մասը կազմակերպվել է սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ՀՀ նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։
Կատարվում է նախաքննություն: