ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինի պատգամավոր և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի սահմանային տեղաշարժի սահմանափակումները։
Նշենք, որ այսօր` հոկտեմբերի 12-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Գևորգյանի պաշտպանը միջնորդեց վերացնել սահմանափակումներն ընդհանրապես կամ առնվազն 2021 թ-ի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ թույլատրելով նրան բացակայել Հայաստանից։
Պաշտպանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում նախատեսված է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի լիագումար նիստը, որին, որպես հանձնաժողովի անդամ, պետք է մասնակցի Արմեն Գևորգյանը։
Պաշտպանը դատարանին ներկայացրեց նաև համապատասխան արձանագրության թարգմանությունը։
Պաշտպանական կողմի մյուս ներկայացուցիչները միացան միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազ Պետրոսյանն առարկեց՝ նշելով, որ տվյալ խափանման միջոցի կիրառման հիմքերը դեռևս առկա են։ Նրա խոսքով` Արմեն Գևորգյանը կարող է մասնակցել այդ նիստին առցանց եղանակով։
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Լուսինե Սահակյանը միջնորդել էր ճանաչել իր պաշտպանյալի անձեռնմխելիությունը որպես ԵԽԽՎ անդամ և ապահովել Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժը։ Դատարանը թույլ չէր տվել Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ և մասնակցել ԵԽԽՎ նիստին։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել։