ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է պատվաստված քաղաքացի. Անահիտ Ավանեսյան

Հիվանդանոց
ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` Հայաստանում արդեն ավելի քան 500 հազար պատվաստում է իրականացվել, և հիշատակման արժանի ոչ մի կողմնակի ազդեցություն չի արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդու մահվան 1 դեպք է գրանցվել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման շրջանակում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ում կա՞ն դեպքեր, երբ պատվաստված քաղաքացի է մահացել:

«Մենք մի դեպք ունենք, երբ 80-ն անց մի քաղաքացու կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել պատվաստումից հետո, բայց այդ քաղաքացին ունեցել է շատ այլ ուղեկցող հիվանդություններ: Նման դեպքերը բացառել չի կարելի և հնարավոր չէ։ Այլ երկրներում էլ են լինում նման բացառիկ դեպքեր, բայց սա նաև պիտի համեմատականի մեջ դնել, թե հիվանդացության արդյունքում ինչքան մահեր ենք ունենում, և պատվաստումները ինչպես են դա կանխում»,-ասել է նա:

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում արդեն իսկ բավարար քանակությամբ պատվաստումներ են իրականացվել, որպեսզի մարդիկ տեսնեն, որ հարևանը պատվաստվեց, բայց ոչինչ չպատահեց, հիվանդացավ, բայց թեթև տարավ։
«500 հազարից ավել պատվաստում է իրականացվել, և հիշատակման արժանի ոչ մի կողմնակի ազդեցություն չենք նկատել»,– նշել է նախարարը։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 903-ով և դարձել 273860: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5618 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով (1228)։