Հրանտ Դինքի ընտանիքի փոխհատուցմանն առնչվող դատավարությունն ընթանում էր վաղուց։ Ճիշտ է, պետությունը թերացել է Դինքի անվտանգությունն ապահովելու գործում, բայց անշուշտ պետք է փոխհատուցում տա նրա ընտանիքին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը։
«Կարելի է ընդունել, որ Դինքի ընտանիքը փոքրիկ հաղթանակ տոնեց Թուրքիայի նկատմամբ, թեև այդ հաղթանակն ուրախանալու առիթ չի ստեղծում։ Թուրքիայի գործող իշխանությունը հրապարակայնության ու բացախոսության դեմ է և այդ առումով ավելի վտանգավոր է դարձել։ Մտահոգություն կա, որ կառավարությունը կարող է ավելի մեծ անօրինություններ անել, բռնություններ իրականացնել և նույնիսկ քաղաքական սպանություններ կազմակերպել»,– նշեց Էստուկյանը։
Նրա տեղեկացմամբ` մասնավորապես հայ գործիչներն ավելի զուսպ են, թեև ոմանք Կարո Փայլանի գլխավորությամբ բարձրաձայնում են կարևոր հարցեր, բայց ընդդիմադիր կեցվածք որդեգրած գործիչներից շատերը լքել են Թուրքիան` հանգրվանելով եվրոպական երկրներում։ Նրա համոզմամբ` Թուրքիան այսօր գնում է բացարձակ բռնատիրության։
«Թուրքիայում ընդդիմադիրների ձայնի ազդեցությունը շատ ավելի նվազ է, որովհետև Էրդողանի կառավարությունն արդեն չեզոքացրել է մամուլը, և հեռուստաընկերությունների ու թերթերի 95 տոկոսն արդեն իշխանության հսկողության տակ է։ Կա փոքրածավալ ընդդիմադիր մամուլ, որոնց հետ աշխատակցում եմ նաև ես, և «Ակոսն» այդ առումով անկախ պարբերականներից մեկն է, սակայն հնարավորությունները խիստ նվազ են»,– ասաց խմբագիրը։
Էստուկյանի խոսքով` ինքը չի կարող երաշխավորել, որ ամբողջությամբ անվտանգ միջավայրում ապրողներից մեկն է, բայցևայնպես ստիպված է խոսել ու գրել հրատապ հարցերի մասին։ Ըստ նրա` «Ակոսը» որևէ կերպ իշխանության հետ չի համագործակցում, սակայն կան սահմաններ, որոնք չի կարելի անցնել։
Նշենք, որ Թուրքիայի Պետական խորհուրդը (Danıştay-բարձրագույն վարչական դատարան) հաստատել է «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի, նրանց զավակների՝ Սերա, Դելալ և Արատ Դինքերի 1.5 միլիոն լիրա փոխհատուցման պահանջը բավարարող Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը։
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից՝ Ստամբուլի իր խմբագրատան շեմին։ Սամաստը ձերբակալվել է հանցագործության հաջորդ օրը և 2011 թվականին դատարանի կողմից դատապարտվել 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման: