ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի՝ 44-օրյա պատերազմի օրերին մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ «Առուշ Առուշանյան» դաշինքի լիազորված անձի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ ԶՈՒ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումից տրամադրել են տեղեկանք, որտեղ նշված է Առուշ Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցության ժամանակացույցը:
Տեղեկանքում նշվում է, որ Առուշանյանը 02.10.2020-16.11.2020-ը մասնակցել է մարտական գործողություններին:
Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Առուշ Առուշանյանը չի մասնակցել մարտական գործողություններին։
Справка и военный билет
© Photo : provided by Arush Arushanyan's family
«Տեղեկանքը չէ, որ պետք է հաստատի մարտական գործողություններին Առուշի մասնակցության փաստը: Պատերազմի ժամանակ Առուշի հետ բազմաթիվ տղաներ են եղել մարտի դաշտում, որոնք արդեն խոսել են այս մասին»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանն ու հավելեց.
Справка и военный билет
© Photo : provided by Arush Arushanyan's family
«Մեզ բնորոշ չէ այդքան ցած իջնել և ամեն անգամ հակադարձել արմենխաչատրյանների զազրախոսություններին, դրա համար էլ որոշեցինք համապատասխան փաստաթուղթը ներկայացնել և վերջնականապես փակել սուտ ու կեղծ տեղեկություններ տարածող փոքրոգիների բերանները»:
Առուշանյանը տեղեկացրեց նաև, որ 2020-ի հոկտեմբերի 16-ին Սյունիքի համայնքապետները առաջնագծից հետ են կանչվել վարչապետի հրամանով և հոկտեմբերի 17-ին Գորիսում մասնակցել են Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը: Խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է անցնել Սյունիքի ինքնապաշտպանությանը:
Հարցին, թե ինչ ինքնապաշտպանության մասին է խոսքը, երբ մարտական գործողությունները Սյունիքից մոտ 200 կմ հեռու են ընթանում, Փաշինյանի պատասխանը, ըստ Առուշանյանի, եղել է՝ նախապատրաստվում ենք:
Հիշեցնենք, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններում առաջադրված ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցի քարոզարշավով զբաղվող ԱԺ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կասկածի տակ էր դրել Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցության փաստը և հայտարարել էր, որ Գորիսի համայնքապետը պատերազմի օրերին առաջնագծում չի եղել:
ՏԻՄ ընտրությունները Գորիսում ու մի քանի այլ համանքներում նշանակված են հոկտեմբերի 17-ին։