ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել` նշելով, որ Տոնոյանն իրենն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունելու, քանի որ նրան մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:
«Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր և պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և, տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի, այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»,– նշում են փաստաբանները:
Ըստ հայտարարության` Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված ու անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին:
«Պարոն Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության բարի համբավի վերականգման համար»,– եզրափակել են փաստաբանները։
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ին Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։