«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակը շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման» կազմակերպության (SOFEPADI) և Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին։ Տեղեկությունը հայտնում է IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Լուսենգեն տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներ կանանց, խիզախորեն բարձրաձայնել նրանց հուսահատ վիճակի մասին, աշխատել հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
«Ջուլիեն Լուսենգեի բացառիկ ձեռքբերումները հիշեցնում են մեզ այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեկ մարդը նույնիսկ անհաղթահարելի թվացող ճնշման և ռիսկերի հանդիպելիս»,- Իտալիայի Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ նշել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ և Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
Ջուլիեն Լուսենգեն կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Հաշվի առնելով 2020թ.պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները՝ «Ավրորան» կառաջարկի նրան մրցանակի 25%-ն ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների հաղթահարմանը: Մարդասիրական մրցանակի համահիմնադիրները ստանձնել են հանձնառություն՝ կրկնապատկելու նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի: