ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան կատարած պաշտոնական այցին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Իմ այցի շրջանակներում կայացել են արդյունավետ բանակցություններ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- գրել է Ղարիբաշվիլին։ Նա նաև որոշ մանրամասներ է հայտնել հանդիպման օրակարգի վերաբերյալ։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր խաղաղ նախաձեռնությանը։ Վրաստանի կառավարության ղեկավարը նաև հայտնել է ակտիվ միջնորդության պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: 10 օր առաջ էլ Ղարիբաշվիլին հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։