Նոր ինտեգրացիոն միավորման ստեղծումը մեր տարածաշրջանում նախևառաջ մեսիջ է բովանդակ Արևմուտքին, որ տարածաշրջանի երկրներն ի զորու են իրենց խնդիրները լուծել ինքնուրույն, և դրսի աջակցության կարիք չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տարածաշրջանային զարգացումների մասին խոսելիս`նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նրա խոսքով` «3+3» ձևաչափը նաև մեսիջ է ԵԱՀԿ Մինսկի խմբին, համանախագահող երկրներին, ուստի շուտով կլինեն հայտարարություններ նաև ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի կողմից։
Բալասանյանը վկայակոչեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տեսակետը, ըստ որի`տարածաշրջանի կռիվները թույլ չեն տվել ամբողջությամբ օգտագործել ինտեգրացիոն հնարավորությունները, ինչի պատճառով կովկասյան տարածաշրջանը չի զարգացել։
Հետևաբար «3+3» ձևաչափը հնարավորություն կտա Կովկասում իրականացնել նոր նախագծեր, որոնք օգտակար կլինեն բոլոր երկրների համար։
«Եթե Թուրքիան համաձայնի «3+3» ձևաչափին, ուրեմն կնշանակի, որ ընդունում է ՌԴ–ի և Իրանի խաղի կանոնները։ Այդ դեպքում կմեծանա Հայաստանի հնարավորությունները, որովհետև Ռուսաստանն ու Իրանը մեր երկրի բնական դաշնակիցներն են։ Եթե Վրաստանն էլ միանա նշված ձևաչափին, ապա դեպի հյուսիս տանող ճանապարհը և Բաթումի նավահանգստից օգտվելը Հայաստանի համար կլինի առանց խոչընդոտի, մենք ՌԴ–ի հետ կունենանք երաշխավորված կապ»,– նշեց միջազգայնագետը։
Բալասանյանի դիտարկմամբ` գերտերությունները միշտ օգտագործել են մեր տարածաշրջանում և՛ կրոնական գործոնը, և՛ երկրների միջև առկա հակասությունները, բայց դարաշրջանը փոխվում է, միջազգային հարաբերությունները փոխվում են և անվտանգության համակարգը, որը գոյություն ուներ տասնամյակներ շարունակ, նույնպես փոխվում է։ Ըստ նրա` մեր տարածաշրջանը դառնում է ավելի ինքնամփոփ, որովհետև երկրները գիտակցում են, որ պրոբլեմների հիմնական պատճառն արտաքին միջամտությունն է։
Միջազգայնագետի եզրահանգմամբ`«3+3» ձևաչափը ոչ միայն նորույթ է լինելու, այլև առանձնանալու է կազմակերպչական բնույթով, քանի որ երկրները պայմանավորվելու են ստեղծել համագործակցության այնպիսի հարթակ, որը թույլ կտա ազատ գործել ու հնարավորինս զերծ մնալ արտաքին ճնշումներից։
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցություններում ի թիվս այլ հարցերի քննարկվել է «3+3» համագործակցության ձևաչափը:
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցություններում ի թիվս այլ հարցերի քննարկվել է «3+3» համագործակցության ձևաչափը:
Նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանային փոխգործակցության մեխանիզմի ստեղծում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ: