ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում նորատուսցիների վիճաբանությունն ավարտվել է կրակոցով, կա վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Ժամը 22։25-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 43-ամյա Յաշա Աֆրիկյանն է։
Պարզվել է նաև, որ վիրավորը Նորատուս գյուղի բնակիչներ՝ 39-ամյա Հովհաննես Աֆրիկյանի և 39-ամյա Արտուշ Գրիգորյանի հետ նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Գրիգորյանին պատկանող ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով գնացել են իրենց գյուղի «Կայի դիք» կոչվող տարածք, որտեղ էլ վիճաբանություն, ապա ծեծկռտուք է եղել։
Գրիգորյանն իրեն պատկանող «ՄՍ-2112» մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակել է Յաշա և Հովհաննես Աֆրիկյանների վրա։
Յաշա Աֆրիկյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, իսկ Հովհաննես Աֆրիկյանը հրաժարվել է բժշկական օգնությունից։
Կայքի հաղորդմամբ` բացատրական աշխատանքների արդյունքում Գրիգորյանը ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով և որսորդական հրացանով ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետաքաբանական փորձաքննություններ։
Քննիչի որոշմամբ Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել։