Վոլոդինը ՀՀ–ին ու ՌԴ–ին առաջարկել է ընդհանուր դիրքորոշում մշակել միջազգային հարթակներում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկում է շարունակել Երևանի ու Մոսկվայի ընդհանուր դիրքորոշման մշակումը միջազգային հարթակներում երկու երկրներին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ: Վոլոդինն այդ առաջարկն արել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի խորհրդարանի Ստորին պալատի կայքը։
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինին. պայմանավորվածություններ են ձեռք բերվել
«Սա միջխորհրդարանական համագործակցության նոր մակարդակ է, որովհետև մենք, որպես կանոն, շատ ենք խոսում բարեկամության մասին, բայց այն պետք է կոնկրետ քայլերով իրագործվի։ Հուսով ենք` խորհրդարանի շրջանակում աշխատանք տանելով՝ մենք այդ ուղղությունը կառանձնացնենք որպես առանցքայիններից մեկը։ Դրանից մենք միասին կշահենք։ Եվ դա կանենք բացառապես մեր պետությունների շահերից ելնելով, որովհետև Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն իսկապես տարբերվում են այլ երկրների հետ հարաբերություններից», - ասել է Վոլոդինը։
Նրա խոսքով՝ կողմերն արդեն շատ բան են կարողացել անել խորհրդարանական հարթությունում Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունների զարգացման համար:
«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն առանձնահատուկ են, ռազմավարական բնույթ ունեն», - ավելացրել է նա:
Ռուսաստանը միջազգային հարթակներում ամենաշատը հանդիպում է հենց Հայաստանի հետ. Ալեն Սիմոնյան
Բացի այդ, Վոլոդինը նշել է, որ հայ գործընկերոջ հետ զրույցը եղել է բաց ու վստահելի։ Նա բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն է կատարվել:
«Դա առաջին հերթին ընդգծում է հարաբերությունների մակարդակն ու հաղորդակցության կառուցման ցանկությունը, ինչպես նաև ռուսական կողմին հուզող հարցերը հասկանալու ցանկությունը», - ասել է նա։
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: