Համաշխարհային բանկը գրեթե կրկնապատկել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

Համաշխարհային բանկ
Աճը պայմանավորված է ոչ թե արդյունաբերության, այլ մասնավոր սպառման ու զբոսաշրջիկների ներհոսքի վերականգնմամբ, ինչպես նաև պղնձի համաշխարհային գների աճով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Համաշխարհային բանկը գրեթե կրկնապատկել է Հայաստանում 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումը։ Ապրիլին կանխատեսված 3.4% -ի փոխարեն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետկորոնավիրուսային վերականգնման վերաբերյալ ՀԲ զեկույցում մեր երկրի տնտեսական աճի նոր կանխատեսումը հասցվել է 6.1%–ի:
Ընդ որում` ՀԲ մասնագետները տնտեսության վերականգնումը կապում են ոչ թե արդյունաբերական աճի կամ նոր արտադրություններ հիմնելու հետ, այլ մասնավոր սպառման, զբոսաշրջիկների ներհոսքի, պետական ֆինանսավորմամբ կապիտալ շինարարության, ինչպես նաև պղնձի համաշխարհային գների աճի հետ։
Հայաստանի հաջորդ տարվա բյուջեն հենված է երեք առաջնահերթությունների վրա. Փաշինյան
Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանն ու արդյունաբերությանը, ապա այս ճյուղերի աճի տեմպերը շարունակում են ցածր մնալ։
ՀԲ փորձագետները նաև նշում են, որ զարգացած երկրների համեմատ Հայաստանում պատվաստումների մակարդակը ցածր է, կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշը` բարձր։ «Համաճարակային և աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են ազդել տնտեսության վերականգնման վրա»,– ասվում է զեկույցում:
Մինչև թոշակները բարձրանան, գներն արդեն առաջ են անցել. խոստում և իրականություն
Նշվում է, որ կառավարությունը հետկորոնավիրուսային 25 ծրագիր է մշակել տուժած ձեռնարկություններին և ընտանիքներին աջակցելու համար, որի արդյունքում պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 67% -ի: Բայց այն, ըստ ՀԲ գնահատականի, մնում է վերահսկելիության սահմաններում:
Բանկային հատվածի համար ռիսկերը նույնպես մնում են կառավարելի`շնորհիվ իրենց կապիտալի հուսալիության։
Գործազրկությունը 2021թ–ին փոքր-ինչ նվազել է` կազմելով 17-18% (մինչդեռ 2020 թվականին այն կազմում էր մոտ 20%): Գնաճը շարունակում է բարձր մնալ (օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 8.8%), ինչը հիմնականում պայմանավորված է պարենամթերքի միջազգային բարձր գներով:
Արտաքին առևտրի հաշվեկշիռը բարելավվել է, քանի որ արտահանումը սպասվածից արագ է աճել (23%-ով), իսկ ներմուծումը` շատ ավելի դանդաղ (8%-ով)` բնակչության սահմանափակ գնողունակության պատճառով:
Ընդ որում` արտահանման աճը ևս պայմանավորված է պղնձի համաշխարհային գների աճով։
Առևտրի և ծառայությունների վերականգնման շնորհիվ բյուջեի եկամուտներն առաջին կիսամյակում գերազանցել են նախատեսված ցուցանիշները 13%-ով, մինչդեռ ծախսերը չեն ավելացել բյուջեով նախատեսվածից: Սրա շնորհիվ բյուջեի դեֆիցիտը նվազել է մինչև տարեկան կանխատեսվող ՀՆԱ -ի 1,1% (ի սկզբանե նախատեսված 2,6% -ի փոխարեն): Կառավարության ծրագրերի համաձայն՝ մինչև 2023 թվականը այն պետք է հասնի 2% -ի, իսկ պետական պարտքը ՝ 67,4% -ից մինչև ՀՆԱ-ի 63,4%:
Տնտեսությունն աճել է 5 տոկոսով, գները` 5.7. ԱԺ–ում քննարկում են բյուջեի կատարման ընթացքը
Ավելի շատ սպառնալիքներ Հայաստանի համար, քան օգուտ. տնտեսագետը` ապաշրջափակման մասին