Միջանցքի տրամադրման մասին խոսք չկա, և դա արձանագրում է նաև Ռուսաստանը. Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ–ռուսական հարաբերություններին` նշելով, որ Ռուսաստանը միջնորդական առաքելությամբ ներգրավված է ԼՂ հակամարտության տևական կարգավորման գործընթացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանին և Ռուսաստանին կապում են դաշնակցային փոխհարաբերությունները՝ փոխաջակցության և փոխադարձ պարտավորությունների լայն շրջանակներով: «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանը կարևոր դերակատարում ունեցավ Լեռնային Ղարաբաղի դեմ 44 օր տևած ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։ Բացի այդ, այժմ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն են իրականացնում ԼՂ–ում՝ աջակցելով Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը և բնականոն կյանքի վերականգնմանը»,–ասել է Միրզոյանը։
Սա Հայաստանի մասնատման առաջին փուլը կլինի. Արման Աբովյանը` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Նրա խոսքով` Ռուսաստանի միջնորդությամբ է ընթանում տարածաշրջանի լարվածության նվազեցմանը, հումանիտար խնդիրների լուծմանը և տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։
Ըստ Միրզոյանի` խոսելով ենթակառուցվածքների մասին` պետք է փաստել, որ ո՛չ որևէ փաստաթղթում, ո՛չ ենթակառուցվածքների բացման համատեքստում երբևէ խոսք չի եղել և չի կարող լինել Հայաստանի տարածքով որևէ միջանցքի տրամադրման մասին, և դա հստակ արձանագրվում է ոչ միայն հայկական, այլև միջնորդ կողմի՝ Ռուսաստանի կողմից։
ՀՀ իշխանության «խաղաղության դարաշրջանը» Էրդողանի գիրկն է տանում․ Արեշևը` սպառնալիքի մասին
ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը միջնորդական առաքելությամբ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման գործընթացում:
Հիշեցնենք` ադրբեջանական կողմն աննընդհատ շահարկում է «Զանգեզուրի միջանցքի» թեման, սակայն ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քանիս շեշտել են` միջանցք տրամադրելու մասին որևէ խոսք չկա։