ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի- Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամությունը: Վիլնյուսում պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հարցին և ի պատասխան Ալիևի հայտարարության` նա հիշեցրել է, որ դեռ հուլիսին է ասել` հայկական կողմը պատրաստ է և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպումներ ունենալ, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա եմ հայտարարում, որ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ենթադրվող առաջիկա հանդիպմանը պատրաստ եմ ինձ հետ տանել քարտեզներ, և խոսքն այն քարտեզների մասին է, որոնք ՀՀ–ի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ոչ թե անվտանգային նշանակություն ունեն, այլ հումանիտար։ Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»,–ասել Փաշինյանը` հավելելով, որ խոսքն այն տարածքների քարտեզների մասին է, որոնք Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում են գտնվում։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի բողոքներին, թե «կեղծ քարտեզներ» են տրամադրվում ադրբեջանական կողմին` Փաշինյանը նշել է, որ տվել են այն քարտեզները, որն ունեն։
«Այնպես չէ, որ լավ որակի քարտեզները պահել ենք դարակում, վատ որակի քարտեզները տվել ենք։ Ես չեմ բացառում և նաև գիտեմ, որ քարտեզների որակի հետ կապված խնդիր կա։ Քարտեզի որակը կախված է քարտեզագրողի որակից, նրա պրոֆեսիոնալ հմտությունից, ինչ քարտեզագրել է, այն էլ ունենք»,–ասել է նա։
Իսկ ինչ վերաբերում է երկու երկրների միջև վստահության պակասին, ապա, ըստ Փաշինյանի, պետք է փորձենք փոքր քայլերով այնպես շարժվենք առաջ, որ գոնե ինչ որ վստահություն ձևավորվի։ Նրա խոսքով` վստահությունը կարևոր է, որպեսզի կարողանան հումանիտար հարցերն ավելի արագ լուծել, և գերիներն օր առաջ վերադառնան։
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա։ Նա արդեն հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ 2021թ.–ի հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Հուլիսի 3-ին հայրենիք վերադարձան ևս 15 գերի։ Նրանց վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։
Դրանից հետո, սակայն, Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե վերջին շրջանում հայկական կողմից Ադրբեջանին փոխանցված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%: