Կրեդիտային համակարգն էականորեն փոխում է ուսման նկատմամբ սովորողի վերաբերմունքը` բարձրացնելով նրա գիտելիքների, հմտությունների ծավալը։ Այսպես է կարծում Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ԺՊ Արտաշես Թորոսյանը։
Կրեդիտային համակարգը ներդրվում է կրթության երրորդ աստիճանում, այսինքն` ավագ դպրոցներում։ Սկզբնական փուլում այն փորձարկվելու է ուսումնական հաստատություններում, որոնք համագործակցում են այս կամ այն ԲՈՒՀ–ի հետ, ինչպես նաև Տավուշի մարզի ավագ դպրոցներում, որովհետև այնտեղ ներկա պահին փորձարկվում է հանրակրթության պետական չափորոշիչը։
«Գործող համակարգով կարող է ստացվել այնպես, որ սովորողը տվյալ թեման, օրինակ մաթեմատիկա առարկայից, բանավոր չկարողանա պատասխանել կամ հետագայում թեմատիկ գրավոր աշխատանքի մեջ այդ թեմայից ընդգրկված հարցին պատասխանի սխալ, իսկ մյուս թեմաների հարցերին պատասխանի ճիշտ և ստացվի, որ նա մաթեմատիկա առարկայից առաջին կիսամյակում ստացել է դրական գնահատական, թեև վերոհիշյալ հարցը չի յուրացրել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նման նշեց Թորոսյանը։
Նրա կարծիքով` թեև փաստացի ստացվում է, որ սովորողը, ըստ ստացած կիսամյակային, իսկ հետագայում նաև տարեկան գնահատականով մաթեմատիկայի անհրաժեշտ դասընթացը յուրացրել է բավարար մակարդակով, բայցևայնպես այստեղ առաջանում է հակասություն, որովհետև գործընթացի կազմակերպումը փաստացի հանգեցնում է նրան, որ մարդիկ կարող են լիարժեք չուսումնասիրել նյութը, իսկ յուրաքանչյուր չուսումնասիրած նյութ դժվարացնում է ուսումնառության հաջորդ փուլը։
«Հետագայում սովորողներն իրենց ուսումնառությունը շարունակում են բուհերում, բայց, օրինակ, տվյալ առարկայի մեջ ունեցած բացթողումները դժվարություններ են ստեղծում բուհական մասնագիտական դասընթացի յուրացման ժամանակ։ Հետևաբար` կրեդիտային համակարգը պահանջում է, որ սովորողը մասնակցի բոլոր դասերին, լաբորատոր աշխատանքներին, հետազոտություններին, գործնական պարապմունքներին, այսինքն` պետք է անցնի ուսման համար նախատեսված գործընթացներով, դրանք հանձնի լիարժեք չափով, որպեսզի չափորոշիչներով սահմանված յուրաքանչյուր վերջնարդյունք յուրացնի բավարար մակարդակով և նոր ստանա կրեդիտ։ Եթե սովորողը չյուրացնի դասընթացը, ուրեմն պետք է նորից անցնի այն, որպեսզի ստանա պակասող կրեդիտները, այլ ոչ թե գա վերաքննության և մեկ–երկու պարագրաֆ սերտելով, մեկ կամ երկու հարցի պատասխանելով` տպավորություն թողնի, թե տիրապետում է թեմային»,– նշեց նա։
Թորոսյանի համոզմամբ` բնականաբար ոչ ոք չի ցանկանա ցածր կրեդիտներ ստանալ, ուստի կձգտի յուրացնել ամբողջ դասընթացը` ստանալով ամբողջական կրեդիտներ, դառնալով ավելի պատասխանատու ուսումնական գործընթացի նկատմամբ։ Կրեդիտային համակարգը կբարձրացնի սովորողի գիտելիքների, հմտությունների ծավալը, որը հետագայում կարտահայտվի նրա ընտրության մեջ` կգնա՞ բուհ, թե՞ կանցնի աշխատանքի։
Թորոսյանի խոսքով` կրեդիտային համակարգի անցման կարգը նոր է բոլորել հանրային քննարկման փուլը և դեռ պետք է հաստատվի, որից հետո նոր կարգի հիման վրա կմշակվի կրեդիտների ստացման գործընթացը։ Ըստ նրա` կրեդիտային համակարգի ներդրման արդյունքում մարդիկ կդառնան ավելի շատ գիտելիքով զինված, ավելի գրագետ, ինչը բավականին կփոխի ուսուցման կլիման։